Գորիսում ընտանիքի 7 անդամ տեղափոխվել է հիվանդանոց թունավորման ախտանշաններով։ ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը 1lurer.am-ին մանրամասներ է հայտնել Գորիսում այսօր գրանցված թունավորման դեպքից։
«Բուժհաստատություն է տեղափոխվել 7 անդամից բաղկացած ընտանիքը՝ հայր, մայր, 5 երեխա, ծնողների վիճակը լավ է, մայրը դուրս է գրվել, հայրը վաղը դուրս կգրվի, 4 տարեկան երեխան արդեն իսկ կլինիկական մահով է դիմել բուժօգնության Գորիսում, 9 տարեկան երեխայի առողջական վիճակը ծանր է եղել, նրան ռեանիմոբիլով տեղափոխել ենք Երևան՝ «Մուրացան»-ում ստանում է համապատասխան բուժօգնություն, առողջական վիճակում դրական դինամիկա կա»,- տեղեկացրել է նա։
Մարիամ Ծատրյանը հայտնել է, որ երեք երեխաները բուժօգնությունը շարունակում են ստանալ Գորիսում, առողջական վիճակները լավ է, սննդային մթերքից և փսխման զանգվածից լաբորատոր փորձաքննություն է իրականացվում, երկուշաբթի արդյունքները պարզ կլինեն, թունավորման պատճառները հայտնի կդառնան։