Այսօր արտերկրում և Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում բնակվող ընտրողները սկսել են քվեարկել Ֆրանսիայի խորհրդարանի ընտրության երկրորդ փուլի համար:
Ընտրության առաջին փուլում Մարին Լը Պենի և Ժորդան Բարդելայի «Ազգային միավորում»-ը՝ ձայների ավելի քան 33 տոկոսով, առաջատար է եղել, երկրորդ տեղը զբաղեցրել է ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը՝ 28 տոկոսով։
Նախագահ Մակրոնի կենտրոնամետ կուսակցությունը ստացել էր միայն 20 տոկոս՝ հայտնվելով երրորդ հորիզոնականում։ Ընտրությունից առաջ անցկացված հարցումները ցույց են տվել, որ «Ազգային միավորում»-ը խորհրդարանում կարող է ստանալ ամենաշատ տեղերը, բայց չի կարողանա կազմել բացարձակ մեծամասնություն: Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հրաժարական չի տա և կմնա նախագահի պաշտոնում մինչև իր լիազորությունների ավարտը՝ 2027 թվականը:
Երեկ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտարարել էր, որ Ֆրանսիական ոստիկանությունը 51 հարձակում է գրանցել արտահերթ ընտրության նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ թեկնածուների, կուսակցական ակտիվիստների նկատմամբ: Դարմանենը հավելել է, որ հարձակումների թիրախ են դարձել ինչպես աջակողմյան կուսակցության անդամները, այնպես էլ ձախակողմյան քաղաքական գործիչները: