Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի նոր առաջարկները հնարավորություն են տալիս անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:
«Եթե ուկրաինական կողմը և նրա արևմտյան հովանավորները պատրաստ լինեին ընդունել Մոսկվայի առաջարկը, դա մեզ թույլ կտար սկսել բանակցությունները»,- պարզաբանել է Կրեմլի ղեկավարը:
Ավելի ուշ Պուտինը նաև հայտարարել է, որ ռուսական կողմը հրադադար չի հայտարարի, քանի դեռ բանակցությունները չեն սկսվել, քանի որ չեն վստահում ուկրաինական կողմին:
Արձագանքելով Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությանը, որ Մոսկվան և Կիևը կարող են բանակցել միջնորդների օգնությամբ՝ Կրեմլի ղեկավարը նշել է՝ «դա հնարավոր չէ, քանի որ առկա է ոչ միայն հնարավոր միջնորդների կոմպետենտության, այլև նրանց լիազորությունների հարցը»:
Օրեր առաջ Ռուսաստանի նախագահը ռազմական գործողությունների դադարեցման նոր պայմաններ էր առաջ քաշել՝ ուկրաինական զորքերի դուրս բերում Դոնեցկից, Լուգանսկից, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների ամբողջ տարածքից: Նաև, Կիևը պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցության մտադրությունից, հայտարարի չեզոք, ոչ միջուկային կարգավիճակ, ապառազմականացվի և ապազգայնականացվի, Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներն էլ պետք է վերացվեն, Ղրիմը և Սևաստոպոլը ճանաչվեն Ռուսաստանի մաս: Կիևը և նրա արևմտյան դաշնակիցներն անիրատեսական վերջնագիր են որակել Մոսկվայի պահանջները:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։