Հանրապետական կուսակցության անդամ եմ, և, որ ավելի կարևոր է, ես երկկուսակցական պատվիրակության անդամ եմ, և Կոնգրեսի երկու պալատների ներկայացուցիչներն են պատվիրակության կազմում՝ Ներկայացուցիչների պալատի և Սենատի անդամներ։ Մենք մեր պատվիրակության կազմում ունենք 4 ներկայացուցիչ Ներկայացուցիչների պալատից և 3 սենատոր։ Այդ մասին Երևանում ասուլիսի ժամանակ ասաց սենատոր Ռոջեր Ուիքերը։
«Մենք մասնակցում էինք ԵԱՀԿ ԽՎ-ին Ռումինիայում, և առաջին տեղը, որ մենք ընտրեցինք այդ համաժողովից հետո այցելելու համար, Հայաստանն էր՝ այս գեղեցիկ երկիրը, իմանալու, տեսնելու այն, ինչ մենք կարող ենք միայն տեղում տեսնել, լսել՝ խոսելով Հայաստանի մարդկանց, ղեկավարների հետ, այն ձայների հետ, որոնք ներկայացնում են բազմազան կարծիքներ այս երկրում։ Մեր պատվիրակության անունից կարող եմ ասել, որ ես չեմ մտաբերում որևէ այլ այցելություն, որտեղ այսքան ջերմ և քաղաքավարի ընդունելության արժանանայինք։ Մենք իսկապես հիացած ենք այն ընդունելությամբ, որին արժանացանք Հայաստանում։ Մենք կարծում էինք, որ իրավիճակի մասին, հարևանության վերաբերյալ բավական շատ բան գիտեինք, բայց այցը մեզ թույլ տվեց շատ ավելին իմանալ։ Այն, ինչ մենք իմացանք, մեկ անգամ ևս հաստատեց, որ դժվարին հարևանության մեջ է գտնվում Հայաստանը. մարտահրավերներ կան բոլոր ուղղություններով»,- նշեց սենատորը։
«Երեկ նշվեց ԱՄՆ Անկախության օրը. դա ամերիկյան Անկախության հռչակագրի ընդունման օրն է: Այսօր Հայաստանը նշում է Սահմանադրության օրը, և նշանակալի օր է, և մենք այսօր այստեղ ենք, և բոլոր քաղաքացիներին ես շնորհավորում եմ տոնի կապակցությամբ»,- ասաց նա։
Ուիքերի խոսքով՝ որոշ ուժեր աշխարհում, նաև այս տարածաշրջանում փորձում են այնպես անել, որ ի չիք դարձնեն ժողովրդավարությունը, ազատությունները: «Հայաստանն այս հարցում մեծ վճռականություն և հաստատակամություն է հանդես բերում դա թույլ չտալու համար։ Հիմա առավել, քան երբևէ հստակ է, որ այստեղ Կառավարությունը և Հայաստանի ժողովուրդը ցանկանում են Խաղաղության համաձայնագիր տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև, ուզում են այն ամբողջականացվի և ստորագրվի, և սահմանազատումն ու սահմանագծումն ավարտվեն, որ ռազմագերիները՝ վերջին պատերազմի, ազատ արձակվեն: Նաև նշվեց, որ այս երկրի ղեկավարների շրջանում ցանկություն կա, որ վերաբացվեն սահմանները, որպեսզի լինի մարդկանց ազատ տեղաշարժ հարևան Թուրքիայից, և խթանվի տնտեսությունը Հայաստանում. մենք ձեր կողքին ենք այս հարցում»,- նշեց նա։
Նա նաև խոսք ուղղեց Ադրբեջանի իրենց գործընկերներին և ԵԱՀԿ մյուս անդամներին: «Զգուշացեք, թե ինչի կարող է բերել միավորումը Պուտինի Ռուսաստանի հետ։ Մեր բարեկամներին Ադրբեջանում ես ուզում եմ խորհուրդ տալ, որ փորձեն հասկանալ ազատության գինը, արժեքը: Եվ քանիցս դա տեսել ենք, և այդ զգուշացումը ուզում եմ փոխանցել բոլոր նրանց, ովքեր Ադրբեջանում են. զգուշացեք, որ ռուսական մեծ արջը մեկ անգամ ևս չփորձի գերակայել, գերիշխող դիրք զբաղեցնել նախկին Խորհրդային Միության հանրապետության նկատմամբ»,- ասաց Ռոջեր Ուիքերը։