Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Մոսկվա, հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Բանակցությունների մեկնարկին Պուտինը նշել է, որ Օրբանը Մոսկվա է ժամանել ոչ միայն որպես վաղեմի գործընկեր, այլև որպես ԵՄ խորհրդի նախագահ:
«Հուսով եմ՝ հնարավորություն կունենանք մտքեր փոխանակել այս բարդ իրավիճակում երկկողմ հարաբերությունների կառուցման վերաբերյալ և, իհարկե, խոսել եվրոպական ամենախոշոր ճգնաժամի զարգացման հեռանկարների մասին. նկատի ունեմ Ուկրաինական ուղղությունը»,- ասել է ՌԴ ղեկավարը։
Ավելի վաղ Օրբանը հայտարարել էր, որ ցանկանում է համոզել Ուկրաինային և Ռուսաստանին, որ հրադադար հաստատեն և սկսեն խաղաղ բանակցություններ: Հուլիսի 2-ին Հունգարիայի վարչապետն այդ նպատակով այցելել էր Կիև, որտեղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն առաջարկել էր դիտարկել ժամանակավոր հրադադարի հնարավորությունը՝ Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու համար:
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն արդեն հայտարարել է, որ Եվրամիությունն Օրբանին Մոսկվա այցելելու մանդատ չի տվել: