Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ընդունվել է 1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով: Դրանից հետո ևս երկու անգամ՝ 2005-ի նոյեմբերի 27-ին և 2015-ի դեկտեմբերի 6-ին, մեր երկրում անցկացվել է սահմանադրական հանրաքվե: Փոփոխություններ են կատարվել մայր օրենքում: Հիմնական օրենքի անցումային դրույթներում փոփոխություններ են կատարվել նաև 2020 թվականին:
Այս դեպքում Ազգային ժողովը ձայների երկու երրորդով հստակեցրել է Սահմանադրական դատարանի հետ կապված կանոնակարգումները: Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն այսօր աշխատում է մի հայեցակարգի ուղղությամբ, որը կարող է հիմք լինել նոր Սահմանադրության մշակման համար: Խորհրդում ընդգրկված թե՛ պետական պաշտոններ զբաղեցնող անձինք, թե՛ հասարակական սեկտորի ներկայացուցիչները կարևոր են համարում, որ նոր Սահմանադրության «աղբյուրը» ժողովուրդը լինի:
Մանրամասները՝ ռեպորտաժում։