Բրիտանացիներն այսօր ընտրատեղամասեր են գնում՝ որոշելու նոր կառավարությա կազմը, որը երկիրը կղեկավարի առաջիկա հինգ տարին՝ գրում են արևմտյան ԶԼՄ-ները:
Սա Մեծ Բրիտանիայում առաջին համընդհանուր ընտրությունն է Եվրամիությունից երկրի դուրս գալուց հետո: Ընտրատեղամասեր են բացվել Անգլիայի, Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի 650 ընտրատարածքում, ամբողջ երկրում ընտրելու իրավունք ունի մոտ 50 միլիոն մարդ:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում 650 տեղի համար պայքարում է 4515 թեկնածու:
Հարցումները ցույց են տվել, որ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը՝ Կիր Սթարմերի գլխավորությամբ, կարող է ջախջախիչ հաղթանակ տանել իշխող պահպանողականների նկատմամբ՝ 14 տարվա ընդմիջումից հետո նորից գալով իշխանության:
Ըստ օրենքի՝ կառավարություն է կազմում այն կուսակցությունը, որը ստանում է խորհրդարանի մանդատների մեծամասնությունը՝ առնվազն 326:
Քվեարկության առաջին արդյունքները հրապարակվելու են տեղամասերը փակվելուց անմիջապես հետո։ Սակայն նոր խորհրդարանի կազմավորման հետ կապված ընդհանուր պատկերը պարզ է դառնալու հուլիսի 5-ի առավոտյան։ Սպասվում է, որ այդ օրը հաղթած կուսակցության առաջնորդը կգնա Բուքինգհեմյան պալատ և թագավոր Չարլզ III-ին կտեղեկացնի կառավարություն ձևավորելու պատրաստակամության մասին։