Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Անկախության օրվա առթիվ:
Շնորհավորական ուղերձում ասված է.
«Մեծարգո նախագահ Բայդեն,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին` Անկախության օրվա առթիվ։
Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծման հիմքում դրված ազատության, արդարության և ժողովրդավարության համընդհանուր արժեքները, ինչպես նաև Անկախության հռչակագրում արտացոլված գաղափարները շարունակում են ոգեշնչման և քաջալերանքի աղբյուր լինել ողջ աշխարհում:
Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բազմաշերտ և սերտ կապերը, վերջին տարիներին համագործակցության զգալի աճն ու զարգացումը, նոր ոլորտների ընդգրկումը երկկողմ օրակարգում ընդգծում են մեր գործընկերության ամրությունը՝ հիմնված ժողովրդավարական սկզբունքների, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության վրա:
Ուրախ եմ արձանագրելու, որ ժողովրդավարական բարեփոխումների, տնտեսական և էներգետիկ դիմակայունության խթանման, արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, անվտանգային համագործակցության և այլ ոլորտներում մեր փոխգործակցության հետագա ընդլայնման հանձնառությունն արտացոլվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական երկխոսությունը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու տեսլականում»: