Հայաստանի ազգային գրադարանը նշում է հիմնադրման 105-ամյակը․ գրադարանի մեծ դահլիճում տեղի է ունեցել հոբելյանական միջոցառում։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, գիտնականներ, արվեստագետներ, գրադարանի բարեկամներ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է գրադարանի 105-ամյակի առիթով և գնահատանքի խոսքեր հնչեցրել։
«Անցնելով երկար ճանապարհ և ապրելով տարբեր ժամանակահատվածներ՝ Հայաստանի ազգային գրադարանը կարողացել է պահպանել իր դերն ու գործառույթը։ Այսօր շատ են խոսակցություններն այն մասին, որ տեխնոլոգիական զարգացումը գիրքը և ընթերցանությունը դարձնում է անցյալի մնացուկ։ Բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ իրականությունն այլ է։ Տեխնոլոգիական զարգացմանը զուգընթաց՝ աճում է սերը առ ընթերցանություն, ակտիվանում է գրքի հանդեպ հետաքրքրությունը։ Նորանկախ Հայաստանի Հանրապետության ամենասիրելի և ժողովրդականություն վայելող տոներից մեկը Գիրք նվիրելու օրն է։ Այն դարձել է հանրային վարքագիծ՝ ևս մեկ անգամ ցույց տալով, թե ինչ կարևոր է գիրքը մեր կյանքում և թե ինչքան ներուժ ունենք, որ դեռևս կարող ենք բացահայտել։ Թվային աշխարհը վերափոխում է մեր մոտեցումները, բայց ավելի քան ակնհայտ է՝ գրքերը շարունակելու են լինել մեր կյանքի անբաժան ուղեկիցը և էլ ավելի մեծ նշանակություն են ստանալու։ Ի վերջո, արհեստական բանականությունը նույնպես օգտագործում է գրադարանն ու տարբեր շտեմարաններ՝ գտնելու փնտրվող պատասխանները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Նա նշել է, որ պետության միակ պարտավորությունն ու հանձնառությունն է լինելու շարունակել գրադարանի զարգացման ճանապարհը, արձագանքել մարտահրավերներին, գտնել թվային դարում գրադարանի ճիշտ դիրքավորման, հանրային կյանքում նպատակային ներկայության ձևը։
«Վստահ եմ, ունենալով սրտացավ և նվիրված աշխատակիցներ՝ մենք գտնելու ենք գրադարանի զարգացման նոր ճանապարհը։ Սկսած ամենատարրական պայմաններից՝ բոլոր աշխատանքները մեր ամենօրյա անելիքներն են, որոնք պետք է իրականացվեն համախումբ ջանքերով»,- եզրափակել է նախարարը։
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը ևս ողջունել է ներկաներին և ներկայացրել գրադարանի հիմնադրման պատմությունը, գործունեությունը, ձեռքբերումներն ու մարտահրավերները։
«Անցյալով հպարտանալով՝ մենք ապագային նայում ենք ոգեշնչված։ Թվային դարաշրջանում գրադարանների դերը փոխակերպվել է, և Ազգային գրադարանը եռանդով և նորարարությամբ է ընդունել այս վերափոխումը։ Հավատարիմ մնալով գրադարանի առաքելությանը՝ այն դառնում է հետազոտությունների և կրթության կենտրոն՝ խթանելով համագործակցությունը և գիտելիքի փոխանակումը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակում»,- ասել է գրադարանի տնօրենը։
Միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով են պարգևատրվել Հայաստանի ազգային գրադարանի առաջընթացի գործում ակնառու ավանդ ունեցող աշխատակիցները՝ Ալիսա Ադամյանը, Քրիստինե Մաթևոսյանը, Բալասան Հարությունյանը, Արմինե Միրզախանյանը։ Պարգևները հանձնել է նախարար Ժաննա Անդրեասյանը։
Հայաստանի ազգային գրադարանի տնօրենը շնորհակալագրեր և 105-ամյակի կրծքանշաններ է հանձնել գործընկեր կազմակերպություններին, որոնք աջակցել են Ազգային գրադարանին տարբեր նախաձեռնություններում և ծրագրերում։
Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև Հայաստանի ազգային գրադարանի պատմությանը նվիրված ցուցասրահի բացման հանդիսավոր արարողությունը։ Ցուցասրահում ներկայացված են գրադարանի հիմնադրման վերաբերյալ արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ, գրքեր, Հովհաննես Նաղաշյանի դրվագազարդ կահույքի նմուշներ։