Լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման պաշտոնյաները հայտնել են, որ 200 հրթիռ և պայթուցիկներով լի բազմաթիվ անօդաչու թռչող սարքեր են արձակել Իսրայելի պաշտպանության բանակի բազաների ուղղությամբ:
«Հեզբոլլահի» հարձակումը ամենախոշորներից մեկն էր լիբանանա-իսրայելական սահմանին ամիսներ շարունակվող հակամարտության ընթացքում: Խմբավորումն այն անվանել է պատասխան քայլ իսրայելական ավիահարվածին, որի հետևանքով հուլիսի 3-ին սպանվել է իրենց առաջնորդներից մեկը:
Իսրայելի զինվորականները հաստատել են հարձակումը հարևան երկրի տարածքից։ Իսրայելի հյուսիսում գտնվող մի քանի շրջանում օդային տագնապ է հայտարարվել։ Գրանցվել են ուղիղ հարվածներ, կան տուժածներ, զանգվածային հրետակոծությունների հետևանքով Իսրայելի հյուսիսային մի շարք վայրերում հրդեհներ են բռնկվել՝ գրում են տեղական լրատվամիջոցները։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մի քանի հրթիռ և անօդաչու թռչող սարք են խոցել, պատասխան հարված են հասցրել Լիբանանի հարավում տեղակայված «Հեզբոլլահի» թիրախներին: