Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման կարգը պատրաստ է: Որոշման նախագիծը Կառավարության՝ հուլիսի 4-ի նիստին ներկայացրեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:
«Կարգի համաձայն՝ վնասի փոխհատուցման շահառու են այն անձինք, որոնք անշարժ գույքի նկատմամբ ունեն սեփականության իրավունք, չեն պահանջում սեփականության իրավունքի պետական գրանցում, քանի որ տվյալ անձինք անշարժ գույքը կարող են ձեռք բերած լինել օրենքով, դատարանի վճռով, գործարքով, որպես ժառանգություն կամ ցանկացած օրինական եղանակով»,- պարզաբանեց նախարարը:
Ըստ կարգի՝ կփոխհատուցվի բազմաբնակարան շենքի բնակարանին կամ անհատական բնակելի տանը պատճառված վնասը, կենցաղային առաջնային գույքին՝ սառնարան, գազօջախ, հեռուստացույց և այլն, պատճառված վնասը: Եթե որևէ տուժած ներկայացված կարգով չի լինի շահառու, ապա պատճառված վնասը մեղմելու համար նրան կարող է տրամադրվել սոցիալական աջակցություն:
«Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում ֆիզիկական անձին կտրամադրվի փոխհատուցում բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու նպատակով: Կորուստ կհամարվի տուժած ֆիզիկական անձի բնակարանի կամ անհատական բնակելի տան ոչնչացումը, փլուզումը կամ վթարային՝ քանդման ենթակա 5-րդ կամ 4-րդ աստիճանի վնասվածության դառնալու փաստը»,- ասաց նախարարը:
Անշարժ գույքի պատճառված վնասի մյուս դեպքերում, եթե կորուստ չէ, կտրամադրվի վերանորոգման համար փոխհատուցում: Վնասի փոխհատուցման չափը կախված կլինի գույքի մակերեսից:
«Փոխհատուցումը կտրվի վնասված գույքի բնակելի մակերեսին համաչափ 1 քմ մակերեսի չափով, առավել տուժած բնակավայրերում՝ 60 հազար, իսկ մյուս բնակավայրերում՝ 40 հազար դրամի չափով: Կսահմանվի մակերեսի առավելագույն չափ՝ 80 քմ»,- ասաց նախարարը:
Առաջնային կենցաղային գույքի գնման համար յուրաքանչյուր բնակարանի հաշվով կտրամադրվի 1 մլն 200 հազար դրամ՝ անշարժ գույքի կորստի դեպքում կամ առավել տուժած բնակավայրերում, իսկ 800 հազար դրամ կտրամադրվի մյուս բնակավայրերում:
«Բոլոր դեպքերում աջակցությունը կփոխանցվի շահառուների բանկային հաշվին: Աջակցության առնվազն 60 տոկոսը կօգտագործվի անկանխիկ եղանակով, քարտի վճարումը կհամարվի անկանխիկ վճարում: Մյուս 40 տոկոսը կարող է կանխիկացվել և այդպես օգտագործվել:
Նորոգման գումարը կտրվի 4 հավասար մասերով: Օրինակ՝ եթե 4 մլն դրամ է, ապա 1 մլն դրամ մեծությամբ՝ 4 հատկացումներով: Յուրաքանչյուր հաջորդ հատկացումից առաջ կստուգվի նախորդի անկանխիկ օգտագործման պահանջը: Նույն սկզբունքով կհատկացվի առաջնային գույքի ձեռքբերման աջակցությունը, սակայն 2 մասով: Մարզպետարանները, համայնքները կհսկեն նորոգման աշխատանքների առաջընթացը»,- ասաց Ղազարյանը:
Նախարարը ներկայացրեց նաև վնասի փոխհատուցման հաշվառման բանաձևի պրակտիկ օրինակը:
«Եթե, օրինակ, վնասված բնակարանը եղել է 50 քմ, ապա առավել տուժած բնակավայրերում հատկացման չափը կլինի 3 մլն դրամ, այսինքն՝ «60 հազար x 50 քմ» վերանորոգման համար, և 1 մլն 200 հազար ՀՀ դրամ՝ առաջնային կենցաղային գույքի գնման համար:
Եթե, օրինակ, վնասված, բնակարանը եղել է 50 քմ, ապա մյուս բնակավայրերում հատկացման չափը կլինի 2 մլն ՀՀ դրամ, այսինքն՝ «40 հազար x 50 քմ» վերանորոգման համար, և 800 հազար դրամ՝ առաջնային կենցաղային գույքի գնման համար»,- ասաց նա:
Վարչապետը հետաքրքրվեց՝ կա՞ փոխհատուցման ենթակա բնակարանների, տների ցանկը, որո՞նք ենք տուժածներն ու ոչ այդքան տուժածները: Նախարարն արձագանքեց՝ այս պահի դրությամբ կան 263 վնասված, հեղեղված կամ փլուզված առանձնատներ:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հավելեց. «Ունեինք 9 համայնք, 39 բնակավայր այս ցանկում: Հիմա 60 հազարի գոտում Ալավերդի համայնքն է իր բնակավայրերով, և Նոյեմբերյանի Այրում բնակավայրը (60 հազար [դրամ]), մնացած բոլորի պարագայում կկիրառենք 40 հազարը»:
Դիմումներն ընդունվում են հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը: