Ֆուտբոլային Եվրոպան, ինչու ոչ՝ նաև աշխարհը հիասթափության շեմին էր կամ դեռ շեմին է: Եվրո 2024-ի մեկնարկից առաջ բոլորի սպասելիքները ամենաբարձր մակարդակի էին՝ ֆենոմենալ ֆուտբոլի հույսով ու սպասումով: Փրայմ Պորտուգալիա, որն ընտրական փուլում անցկացրած 10 խաղում տոնեց նույնքան հաղթանակ, անհավանական հզոր կազմ ունեցող Անգլիա՝ «փրկիչ» Ջուդով, ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստ Ֆոդենով ու տիտղոսի ծարավ Քեյնով, վերջին տարիներին մշտապես ֆավորիտ Ֆրանսիան՝ բարձր տրամադրությամբ Մադրիդ տեղափոխված Մբապեով, տանտեր Գերմանիան ու միշտ վտանգավոր Իսպանիան: Այս ընտրանիների կողքին կարելի է ավելացնել Նիդերլանդներին, Բելգիային, Շվեյցարիային, Խորվաթիային ու, իհարկե, գործող չեմպիոն Իտալիային:
Առաջին հայացքից դիտարժան խաղերի պակաս չէինք ունենալու, բայց... Պայքարի մեջ է մնացել 8 հավաքական, կայացել է 44 խաղ, իսկ քանի՞սն են դիտարժան ստացվել... Բացատրությունները տարբեր են: Թոփ հավաքականները խնայում են իրենց խմբային փուլում, Անգլիայում խնդիրը մարզիչն է, Դեշամը սպառել է իրեն, Պորտուգալիան խաղում է Ռոնալդուի համար, Իտալիան թույլ կազմ ունի:
Այս ամենի ֆոնին հիացնում է Իսպանիան: Ֆուրիա Ռոխան 4 խաղ է անցկացրել՝ 4-ում էլ հիանալի տպավորություն գործելով: Պատահական չէ, որ Իսպանիայի՝ հաղթող դառնալու հավանականությունը մեծացել է: Գերմանիան ևս լավն է, բայց ոչ այնքան, որքան Իսպանիան: «Սառնասիրտները» տպավորեցին առաջին խաղում, մնացած խաղերում ամեն ինչ հաշվարկ էր՝ գերմանական չոր հաշվարկ: Պորտուգալիան խմբային փուլում 2 հաղթանակ տոնեց, մեկը՝ մեծ դժվարությամբ: Երրորդ տուրում ինչ-որ տեղ զիջեց խաղը Վրաստանին, որն այս առաջնության իրական բացահայտումն էր: Վրացիները հասան մինչև 1/8 եզրափակիչ:
1/8 եզրափակչում Պորտուգալիան փրկվեց: Փրկվեցին Ռոնալդուն ու Պեպեն: Չնայած այս խաղացողներն իրենց կարիերայի ընթացքում գրեթե ամեն ինչ տեսել են, բայց սլովենացիները կարող էին դաժան վարվել ու նրանց շատ դաժան ճանապարհել: Ռոնալդուի՝ 11 մետրից վրիպումն ու Պեպեի սխալը Շեշկոն չօգտագործեց: Ֆուտբոլը շատ հաճախ անարդար սպորտ է, բայց ոչ այնքան, որ այսպիսի խաղացողների հետ «մահացու» վարվեր: Պորտուգալիան դեռ իր լավագույն մարզավիճակում չէ:
Շատ բան կարող ենք տեսնել Ֆրանսիայի հետ մրցավեճում: Ֆրանսիան նույնպես չի տպավորում՝ 4 խաղ, 3 խփած գոլ՝ 2 ինքնագոլով ու մեկ 11 մետրանոցով: Խաղից ոչ մի ֆրանսիացի առայժմ գոլ չի խփել: Խմբային փուլն էլ անցավ, բայց Ֆրանսիան չարթնացավ: Աշխարհի ամենաարագ «Նինձյա կրիան» դեռ իրեն է փնտրում խաղադաշտում: Ֆրանսիայի հավաքականը ևս քառորդ եզրափակչում ասելիք և անելիք ունի:
Դիտարժան մի քանի խաղ կարելի է հիշել: Ավստրիա-Նիդերլանդներ խաղում պայքարը տպավորիչ էր: Թեև հոլանդացիները պարտվեցին, բայց խաղով այս Եվրոյում նրանք շատերին են գերազանցում՝ վկա՝ ռումինացիների հետ փլեյ օֆի խաղը: Բելգիական «Ոսկե սերունդը» կրկին պայքարը շատ վաղ թողեց: Իտալիան, թերևս, այս կազմով արեց առավելագույնը, իսկ Շվեյցարիան նորից լավն է: Նորից բոլոր դիրքերում «ժամագործներն» ունեն վառ առաջատարներ, ունեն բալանսավորված կազմ ու լավ մարզիչ: Նրանք քառորդ եզրափակչում են ու կիսաեզրափակչի ուղեգիրը խաղարկելու են Սլովակիայի ճիրաններից փրկված, անատամ ու մռայլ Անգլիայի հետ:
Իսպանիա-Գերմանիա, Պորտուգալիա-Ֆրանսիա, Նիդերլանդներ-Թուրքիա, Անգլիա-Շվեյցարիա: Առաջին հայացքից թեժ դիմակայությունների խնդիր չենք ունենալու և հուսանք, որ դա այդպես էլ կլինի: Պրագմատիկ ֆուտբոլը երկրպագուի համար չէ: Մարզասերն ուզում է պայքար ու կիրք տեսնել, իսկ այս հավաքականները դա կարող են ապահովել:
Հեղինակ՝ Արմեն Գարամյան