Ի պատասխան Օրբանի՝ Ռուսաստանի Դաշնության հետ խաղաղ բանակցությունների մեկնարկից առաջ զինադադարի մասին առաջարկին, ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտի միակ իրական լուծումը ռուսական զորքերի ամբողջական դուրսբերումն է Ուկրաինայի տարածքից։
«Մենք բոլոր գործընկերներին և դաշնակիցներին հասկացրել ենք, որ ցանկացած երկիր, որն ազդեցություն կամ դերակատարում ունի, պետք է բոլոր ջանքերը գործադրի Ուկրաինայից Ռուսաստանի զորքի ամբողջական դուրսբերումն ապահովելու համար»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ: Նույն օրը Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին, որը ներառում է հակաօդային պաշտպանության համակարգեր։
Ռուս-ուկրաինական հակամարտության հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումն է հաստատել Ուկրաինան: Նախագահ Վոլոդիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան հայտնել է, որ իրենք չեն ընդունի Բուդապեշտի նախաձեռնությունը:
Լրատվամիջոցները հատկանշական են համարել, որ վարչապետ Վիկտոր Օրբանի այցը Ուկրաինա տեղի է ունեցել Հունգարիայի՝ ԵՄ նախագահ դառնալուց անմիջապես հետո։ Պատերազմից առաջ և հակամարտության ընթացքում Օրբանը Ուկրաինա չէր այցելել: Նա Կիևին խոստացել է օգնել ԵՄ Խորհրդում նախագահելու ընթացքում, աջակցել Ուկրաինայի տնտեսության արդիականացմանը։
Կրեմլը նույնպես արձագանքել է Ուկրաինա Օրբանի այցին և հայտնել է, որ Բուդապեշտը չի կապվել Մոսկվայի հետ վարչապետի՝ Կիև կատարած այցից առաջ։
«Հունգարիան այս շրջանում նախագահելու է ԵՄ-ն, բնականաբար, պետք է կատարի իր գործառույթները։ Կարծում եմ, այս դեպքում կգերակայի պատասխանատվությունը Բրյուսելի շահերի տեսանկյունից, այլ ոչ թե ազգային»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։