ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տոնել է Միացյալ Նահանգների անկախության 248-րդ տարին։ Այս տարվա տոնակատարությունն ընթացավ «Կալիֆոռնիան երազում է․ Մենդոսինոյից մինչև Սան Դիեգո» խորագրի ներքո՝ նշանավորելով Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև ամուր կապերն ու յուրահատուկ տուրք մատուցելով Կալիֆոռնիայում բնակվող մեծ ամերիկահայ համայնքին։ Ամերիկացիներն Անկախության օրը նշում են հուլիսի 4-ին․ 1776 թ․ հենց այդ օրն է ընդունվել Միացյալ Նահանգների անկախության հռչակագիրը։
«Ինձ համար պատիվ է արդեն երկրորդ անգամ Հայաստանում տոնել Անկախության օրը՝ նշանավորելու Միացյալ Նահանգների ժողովրդավարության ծնունդը, հայ-ամերիկյան ամուր հարաբերությունները, մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքները, իսկ այսօր նաև մի փոքր վայելելու Կալիֆոռնիայի մշակույթն ու խոհանոցը»,- ասաց ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, որը հասակ է առել Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում։
Միջոցառման հանդիսավոր մասում հնչել են Միացյալ Նահանգների և Հայաստանի ազգային օրհներգերը՝ հայտնի սոպրանո Սիլվա Պետրոսյանի կատարմամբ։