Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի բանակցությունները:
ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ նախագահները խոսել են երկու երկրի միջև զբոսաշրջության զարգացման, վճարային համակարգի, բանկերի, տնտեսվարող սուբյեկտների միջև փոխադարձ հաշվարկների, գյուղմթերքի մատակարարումների մասին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանի և Թուրքիայի միջև վիճելի հարցերը լուծելու «քաղաքական կամքի» առկայության մասին։
«Այնտեղ, որտեղ մեծ աշխատանք է տարվում, որտեղ իրականացվում է երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ, անխուսափելիորեն առաջանում են տարբեր խնդիրներ: Դրանք կարգավորելու քաղաքական կամք կա։ Երկկողմ հարաբերությունների և առևտրատնտեսական փոխգործակցության անհրաժեշտ մակարդակ նույնպես առկա է։ Նորմալ աշխատանքային գործընթաց է»,- չորեքշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը։
Հարցին, թե հուլիսի 3-ին Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում ո՞ւմ նախաձեռնությամբ է տեղի ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը, Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է.
«Դա փոխադարձ նախաձեռնություն էր։ Մեր օրակարգում շարունակում է մնալ նախագահ Պուտինի՝ Թուրքիայի այցի թեման։ Այն անպայման տեղի կունենա, երբ հաջողվի համաձայնեցնել երկու նախագահի ժամանակացույցը»,- ասել Է Պեսկովը։