Գերմանիայի կառավարությունն «ի գիտություն է ընդունել» Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հայտարարությունները, որն Ուկրաինային առաջարկել է հրադադար հայտարարել և սկսել բանակցությունները Ռուսաստանի հետ։ «Մենք համոզված ենք, որ ոչ մի երկիր այնքան շահագրգռված չէ արդար և տևական խաղաղությամբ, որքան Ուկրաինան, սակայն մենք նաև կարծում ենք, որ հրադադարն ինքնին առանց ռուսական զորքերի դուրսբերման կլինի խաղաղության պարտադրանք»,- ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Քրիստիան Հոֆմանը:
Նրա խոսքով՝ նման հրադադարը «կամրապնդի այն անօրինական բռնակցումները», որոնք Ռուսաստանն իրականացրել է Ուկրաինայում, և «դա կհակասի միջազգային սկզբունքներին»։ Բացի այդ, Գերմանիայի կառավարությունը համոզված է, որ «միայն Ուկրաինան պետք է որոշի, թե երբ և ինչ պայմաններով բանակցություններ վարի Ռուսաստանի հետ»։
Միևնույն ժամանակ, Քրիստիան Հոֆմանը նշել է, որ ԵՄ արտաքին քաղաքականությունը որոշում են Եվրոպական խորհուրդը և ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչը, հետևաբար Բեռլինն ընդունում է, որ «Վիկտոր Օրբանն այդ հայտարարություններն արել է որպես Հունգարիայի վարչապետ»։