Ձեր խնդիրները մեր իշխանության ուշադրության կենտրոնում են, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս մեղմացնենք աղետի պատճառով ձեզ հասցված վնասները. ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 3-ին Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Շրջելով աղետի գոտում` ԱԺ նախագահը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին, հանդիպել աղետից տուժած տարբեր շրջանների բնակիչներին ու լսել վերջիններիս խնդիրները:
Խորհրդարանի ղեկավարն առանձին հանդիպում է ունեցել նաև տեղում աշխատող փրկարար ծառայության աշխատակիցների հետ` շնորհակալություն հայտնելով նրանց կատարած ահռելի աշխատանքի համար:
Օրենսդիրի ղեկավարն այցելել է նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն (VTC) և ծանոթացել կենտրոնի աշխատանքներին:
Աշխատանքային օրվա ավարտին Ալեն Սիմոնյանը մասնակցել է Ազգային ժողովի կողմից աղետի գոտու երեխաների համար կազմակերպված միջոցառմանը: