ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրենը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և դրան մասնակցելու համար Երևանին ու Բաքվին ուղղված հրավերին: Անդրեյ Նաստասինը կարծիք է հայտնել, թե դա տարբեր տարածաշրջաններում Արևմուտքի կործանարար ազդեցությունը տարածելու ևս մեկ օրինակ է:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը Եվրոպայի լուռ համաձայնությամբ, իբր, փորձում է խանգարել ընկերների և հարևանների հետ Ռուսաստանի գործակցությանը: Նաստասինը հավելել է, թե Արևմուտքը զինում է Հայաստանին, փորձում ձևափոխել Հանրապետության պաշտպանական ոլորտը և խաթարել ՀԱՊԿ-ի ներսում գործող մեխանիզմները։
Ռուս պաշտոնյան շեշտել է, որ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների այցելությունները Բաքու ևս սրում են Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը՝ չնպաստելով երկրների երկխոսությանը։
Նաստասինը հերթական անգամ կրկնել է, որ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համապարփակ հիմքը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններն են:
«Հարավային Կովկասում կայունությունն ու անվտանգությունը կարող է և պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները՝ տարածաշրջանային պատասխանատվության սկզբունքի շրջանակում»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նա հավելել է՝ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն հասկանան՝ թե ինչ վտանգ է ներկայացնում ՆԱՏՕ-ի գործունեությունը տարածաշրջանի համար:
«Համոզված ենք, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է ամրապնդել կողմերի միջև վստահությունը, լուծել խաղաղության պայմանագրի հետ կապված խնդիրները, անցկացնել սահմանազատում և սահմանագծում, ապաշրջափակել տարածաշրջանային հաղորդակցությունները՝ եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան»,- հավելել է ռուս պաշտոնյան, եզրափակել՝ դրանց այլընտրանք չկա:
Մանրամասները՝ ռեպորտաժում: