Հայաստանը և Վրաստանը ամենաբարձր մակարդակով արձանագրել են, որ փոխադարձաբար ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Այդ մասին Վրաստանի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսին ասաց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Կարևոր ենք համարում, որ մեր երկրների միջև ձևավորվել է հստակ փոխըմբռնում բարեկամական, ընկերական ոլորտում շարունակել և, ըստ հնարավորության, ավարտին հասցնել երկու երկրների միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը:
Արարատ Միրզոյանն անդրադարձավ նաև միջազգային հարթակներում համագործակցությանը:
«Ուզում եմ նաև առանձնահատուկ շեշտել, որ այս աշխարհաքաղաքական և տարածաշրջանային երբեմն շատ սրընթաց զարգացումների համատեքստում կարևոր եմ համարում նաև մեր փոխգործակցությունը, միմյանց աջակցելը նաև միջազգային բազմակողմ հարթակներում, որտեղ կարող ենք արդեն ասել՝ մեր ելույթներով մեր քվեարկություններով շարունակում ենք պաշտպանել միմյանց դիրքորոշումները»,- ասաց նա: