Ֆրանսիայում 200-ից ավելի թեկնածու հրաժարվել է մասնակցել խորհրդարանի արտահերթ ընտրության երկրորդ փուլին՝ հայտնում է Le Monde-ը։ Նրանք հանել են իրենց թեկնածությունները՝ հօգուտ ավելի ուժեղ թեկնածուների՝ կանխելու Ջորդան Բարդելայի և Մարին Լը Պենի ծայրահեղ աջական «Ազգային միավորում» կուսակցության հաղթանակը։ Թերթի տվյալով՝ ընտրապայքարից դուրս է եկել «Նոր ժողովրդական ճակատ» ձախ դաշինքի 130, «Միասին հանուն հանրապետության» նախագահական կոալիցիայի 82 և «Հանրապետականներ» կուսակցության 3 ներկայացուցիչ։
Օրերս Ֆրանսիայում տեղի է ունեցել Ազգային ժողովի արտահերթ ընտրության առաջին փուլը։ Ըստ քվեարկության արդյունքների՝ առաջատարը «Ազգային միավորում» կուսակցությունն է։ Մակրոնի կենտրոնամետ կոալիցիան երրորդ տեղում է:
Առաջին փուլի արդյունքների հրապարակումից հետո ձախերի առաջնորդ Ժան-Լյուկ Մելենշոնը հայտարարել էր, որ կհանի իր թեկնածուներին այն ընտրատեղամասերում, որտեղ նրանք երրորդ տեղով են գնալու՝ ձայների հնարավոր բաշխման հետևանքով ծայրահեղ աջերի իշխանության գալը կանխելու համար։ Վարչապետ Գաբրիել Ատալը խոստացել էր նույն մարտավարությունը կիրառել:
Խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը ցրելու և խորհրդարանի արտահերթ ընտրություն անցկացնելու մասին Էմանուել Մակրոնը հայտարարել է հունիսի սկզբին՝ այն բանից հետո, երբ Ֆրանսիայում Եվրախորհրդարանի պատգամավորների ընտրություններում մեծ տարբերությամբ հաղթել է Մարին Լը Պենի կուսակցությունը:
Մանրամասները՝ ռեպորտաժում: