Արևելյան գործընկերության շրջանակում մեր մասնակցության հիմնաքարը մեր քաղաքակրթական արժեքն է, մեր ժողովրդի ինքնուրույն, անկախ ապրելու, քաղաքականության մասնակից դառնալու հիմնական մղումը, ինչը դրսևորվել է հիմնականում ժողովրդավարությամբ: Դրա փայլուն ապացույցը եղել է 2018 թվականի հեղափոխությունը, ինչը մեր դերը բարձրացրել է Եվրոպայի հետ շփման համատեքստում: Այդ մասին «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ․ մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ պարզաբանելով հարցը, թե ինչ կարող ենք մենք առաջարկել Եվրոպային:
Ըստ Արամ Սարգսյանի՝ Արևելյան համագործակցության հիմնական ձեռքբերումը եվրադիտորդների ներկայությունն է Հայաստանում:
«Ես կարևոր եմ համարում նաև Ֆրանսիայից սպառազինություն գնելը: Այս մասին նույնիսկ 1 տարի առաջ խոսելը կարող էր ծիծաղելի թվալ, կարող էին շատ-շատերը մերժել»,- ասաց նա:
Այս ամենով հանդերձ, ըստ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարի, կան լուրջ բարդություններ տեսլականի առումով:
«Դիվերսիֆիկացնել մեր երկրի արտաքին քաղաքականությունը՝ մնալով ԱՊՀ-ում, մնալով ԵԱՏՄ-ում, մնալով ՀԱՊԿ-ում, բավականին բարդ է,- ընդգծեց Արամ Սարգսյանը, ապա հավելեց. - Մեր համագործակցությունը հասնում է մի պահի, երբ մենք Եվրոպային առաջարկում ենք համագործակցություն՝ 80 տոկոսով մնալով այն դաշտում, որը խանգարում է, որը նաև խանդում է Եվրոպայի՝ այստեղ մուտքը: Եվ այս առումով մենք պարտավոր ենք որոշումներ կայացնել՝ մնո՞ւմ ենք ԵԱՏՄ-ում, թե՞ չենք մնում»: