Գիտեք, որ Հայաստանը վերջին տարիներին ինտենսիվ աշխատում է իր դիմակայունությունը բարձրացնելու վրա, և դիմակայունության կոնտեքստում մենք շատ ենք կարևորում դիվերսիֆիկացիան։ Այս մասին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ․ մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով պանելային քննարկման ժամանակ։
«Հաճախ, երբ ասում ենք դիմակայունություն, կարծում եմ՝ առաջին միտքը, որ գալիս է, երևի հենց դիվերսիֆիկացիան է կամ զանազանեցումը, որը Հայաստանի համար շատ կարևոր է՝ զանազանեցում տնտեսության մեջ, զանազանեցում անվտանգության մեջ»,- ասաց ԱԽ քարտուղարը։
Դիմակայունության տեսանկյունից Արմեն Գրիգորյանը կարևորեց նաև ժողովրդավարությունը:
«Խոր համոզմունք ունենք, որ ժողովրդավարությունը միանշանակ բարձրացնում է Հայաստանի դիմակայունությունը, և ժողովրդավարությունն այն հիմնական գործիքներից մեկն է, որով Հայաստանը կարողանում է դիմակայել իր սպառնալիքներին»,- ասաց նա և ընդգծեց, որ ժողովրդավարությունը կարևոր է նաև ներքին անվտանգության, տնտեսության, կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից։
«Շատ պարզ օրինակ. տնտեսության բարեփոխումները և տնտեսական արդյունքները բերում են ավելի շատ ռեսուրսների և դրանց ներդրմանն անվտանգության ոլորտում՝ դա կլինի զենքի ձեռքբերում, թե նոր տեխնոլոգիաների ու կարողությունների: Այդ առումով այն շատ կարևոր է դառնում»,- ասաց ԱԽ քարտուղարը:
Անվտանգության տեսանկյունից կարևոր է նաև Եվրամիության և կառույցի անդամ պետությունների հետ գործընկերության ամրապնդումը։ Ըստ ԱԽ քարտուղարի՝ ինչքան շատ գործընկեր ունենա ՀՀ-ն, և ինչքան շատ գործընկերներ աջակցեն ՀՀ բարեփոխումներին, Հայաստանն այնքան ավելի դիմակայուն կլինի։
«Միանշանակ է, որ Արևելյան գործընկերությունն օգնել է նաև, որ Հայաստանն ամրապնդի գործընկերությունն ինչպես Բրյուսելի, այնպես էլ Եվրամիության անդամ երկրների հետ։ Այստեղ ևս կարող ենք արձանագրել մի շարք հաջողություններ»,- ասաց Արմեն Գրիգորյանը։