Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հուլիսի 1-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների նորընտիր հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի հետ (պաշտոնավարման մեկնարկը՝ 2024-ի ապրիլի 1-ից)։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից:
«Շնորհավորելով Մայքլ Օ՛Ֆլահերթիին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար ընտրվելու կապակցությամբ՝ Անահիտ Մանասյանը հաջողություն է մաղթել նրան այդ պատասխանատու առաքելության իրականացման գործում:
Պաշտպանը խոսել է մարդու իրավունքների մի շարք բնագավառներում առկա խնդիրների մասին, անդրադարձ կատարել իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերներին։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի հաղթահարման շրջանակներում լայնածավալ աշխատանքներ իրականացնելու կարևորությունը:
Հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից այդ ոլորտում իրականացված աշխատանքներին։ Անահիտ Մանասյանը նշել է, որ բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը ենթադրում է առանձնահատուկ մեթոդաբանություն, ինչը պետք է լինի բոլոր մարմինների կողմից այս համատեքստում իրականացվող աշխատանքների առանցքում։ Պաշտպանն անդրադարձել է նաև ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերին, ընդծել բոլոր գործընթացների շրջանակներում մարդու իրավունքների երաշխավորման անհրաժեշտությունը։
Զրուցակիցները, ի թիվս այլնի, քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների հետ կապված հարցեր։
Իր հերթին Մայքլ Օ՛Ֆլահերթին շնորհակալություն է հայտնել բովանդակալից զրույցի համար և ընդգծել Պաշտպանի հաստատության հետ սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։