Իրանի նախագահի ընտրության երկրորդ փուլին ընդառաջ՝ նախագահի թեկնածուներ Սայիդ Ջալիլին և Մասուդ Փեզեշքիանը բանավեճ են անցկացրել, անդրադարձել երկրի արտաքին քաղաքականությանը և տնտեսական բարեփոխումներին:
Reuters-ը գրում է՝ Սաիդ Ջալիլին եռանդուն գաղափարախոս է և հավատարիմ է Իրանի գերագույն առաջնորդին, մինչդեռ նրա հակառակորդ Մասուդ Փեզեշքիանը հանդես է գալիս կանանց իրավունքների պաշտպանության, սոցիալական ազատությունների և Արևմուտքի հետ լարված հարաբերությունները վերանայելու օգտին: «Եթե ուզում ենք կատարելագործվել, պետք է լավ կապեր ունենանք աշխարհի հետ: Կսկսենք մեր հարևաններից»,- նշել է Փեզեշքիանը:
Ջալիլին էլ ընտրվելու դեպքում խոստանում է լուծել երկրի սոցիալական, քաղաքական և տնտեսական խնդիրները՝ խստորեն հավատարիմ մնալով 1979 թվականի իսլամական հեղափոխության կոշտ սկզբունքներին:
Առաջին փուլի արդյունքի համաձայն՝ Իրանի նախագահի ընտրությունում թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել 50 տոկոսի շեմը։ Սակայն հայտնի է, որ առաջին տեղում բարեփոխիչների միակ թեկնածու Մասուդ Փեզեշքիանն է, երկրորդը պահպանողական Սայիդ Ջալիլին է: Երկրորդ փուլը նախատեսված է հուլիսի հինգին: