ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ 19-ը և ավելի տարիք ունեցող հանրակրթական ծրագրի «Հայոց լեզու և գրականություն» առարկայի շրջանակներում իրականացվել է «Մեզ բացակա չդնեք» խորագրով միջոցառում։ Հայրենասիրական մոտիվներով հագեցած միջոցառմանը հրավիրվել են 44-օրյա պատերազմին անմահացած հերոսների մայրեր, ներկա են եղել նաև հանրակրթական ծրագրերում ընդգրկված ուսուցիչներ, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ազատազրկված կանայք հանդիսատեսին ներկայացրել են հայ մեծանուն գրողներ Պարույր Սևակի, Համո Սահյանի հայրենասիրական ստեղծագործություններից, ընթերցել են նաև ՊՈԱԿ-ի հայոց լեզվի ուսուցչուհի, միջոցառման կազմակերպիչներից Սուսաննա Դանիելյանի հեղինակած բանաստեղծություններից և արձակ գործերից: Միջոցառմանը ելույթ է ունեցել «Արդվին» ազգագրական երգի և պարի համույթը։
Անմահացած հերոսների մայրերը բարձր են գնահատել նմանատիպ միջոցառումների կարևորությունը և նշել, որ հայրենասիրական ոգու բարձրացմանն ուղղված յուրաքանչյուր միջոցառում էական նշանակություն ունի սերունդների կրթման և դաստիարակման գործում:
Միջոցառման ավարտին ազատազրկված կանայք ծաղիկներ են նվիրել անմահացած հերոսների մայրերին և շնորհակալություն հայտնել ներկա լինելու համար: