ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 9-րդ նիստը:
Նիստում քննարկվել են ՀՀ Արարատի, Շիրակի, Կոտայքի, Տավուշի, Լոռու մարզերում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 7 էսքիզային նախագծեր:
Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրի Սբ Մակարավանք վանական համալիրի գավթի, աղբյուրի, երիցատան վերականգնման նախագիծը որոշակի վերապահումներով արժանացել է հավանության:
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թատերական հրապարակում Հովհաննես Աբելյանի արձանի տեղափոխման առաջարկը, Շիրակի Գյումրի քաղաքի Ջիվանու փողոց 80/1 հասցեի բնակելի տան (պետ ցուցիչ՝ 7.1.4.227) ամրակայման և հարմարեցման, Լոռու մարզի Վանաձոր քաղաքային համայնքի Զաքարյան փողոց թիվ 33 հասցեի Գուգարաց թեմի առաջնորդարանի համալիրին (նախկին Թաիրովի ամառանոց) պատկանող հողամասի եզրագծում ԽՍՀՄ տարիներին կառուցված տնտեսական նշանակության կիսաքանդ շինության տեղում կրթադաստիարակչական կենտրոնի կառուցման էսքիզային նախագծերը խորհրդի անդամների դիտողություններով և առաջարկություններով համարվել են ընդունելի:
Լոռու մարզի Վանաձոր քաղաքային համայնքի Տիգրան Մեծի պողոտա 20/1-1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման էսքիզային նախագիծը վերադարձվել է լրամշակման:
Կոտայքի մարզի Կեչառիս վանական համալիրի տարածքի բարեկարգման, կոթողների, խաչքարերի ու տապանաքարերի նորոգման, ամրակայման, վանատան և ուխտավորների սրահի նախագիծը խորհրդի միաձայն քվեարկությամբ համարվել է ընդունելի: