ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման հերթական դեպքի նախաքննությունը՝ մեկ անձի մասով: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:
«Իրականացված վարութային և ապացուցողական հսկայածավալ գործողություններով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի 22-ամյա բնակիչը, 2021-2023 թթ. ընթացքում, քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, իրացնելու նպատակով, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված տարբեր օգտատերերից ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, ապահովել դրանց առանձնացումն ըստ քաշերի, փաթեթավորումն ու նախապես տեղադրումը թաքստոցներում։ Ապա թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարվել, ծրագրային հավելվածի միջոցով նշվել են դրանց գտնվելու վայրերի կոորդինատները և հանցակիցների կողմից կառավարվող առցանց խանութ-հարթակների միջոցով փոխանցվել թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած և հանցակիցների կողմից փաստացի կառավարվող կրիպտոարժութային դրամապանակներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած անձանց՝ այդ կերպ իրականացնելով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացումը:
Քննությամբ հիմնավորվել է, որ նշված անձը իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ սկսել է զբաղվել դեռևս 2021 թվականից և թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվելու նպատակով 2022 թվականի կեսերից կառավարել է «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված խանութ-հարթակ, իսկ 2023 թ․ սկզբին գնել է նման ևս մեկ խանութ-հարթակ:
Հիշյալ առցանց խանութ-հարթակների միջոցով երիտասարդը տելեգրամյան հարթակում գրանցված այլ խանութ-հարթակներից գնել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որից հետո այն բաժանել է տարբեր քաշերի և իրացնելու նպատակով տեղադրել իր իսկ կողմից ստեղծված թաքստոցներում, լուսանկարել դրանք՝ լուսանկարների վրա նշելով դրանց հստակ կոորդինատները և թմրամիջոցի ստույգ տեղի հուշումները:
Գնորդների կողմից պատվեր ստանալուց հետո երիտասարդը պահանջել է թմրամիջոցի դիմաց վճարվող գումարը փոխանցել իր՝ «Քոինբեյզ» հարթակում դեռևս 2021 թ․ հունիսին ստեղծված մտացածին անվամբ օգտահաշվով նույնականացված կրիպտոարժութային դրամապանակներին, իսկ երբ հավաստիացել է, որ վճարումը կատարված է, գնորդներին առցանց եղանակով փոխանցել է թմրամիջոցի թաքստոցների լուսանկարները:
Հիշյալ եղանակով ձեռք բերված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի մի մասը հայտնաբերվել և վերցվել է երիտասարդի բնակության վայրում և ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ։
Քննությամբ պարզվել է նաև, որ երիտասարդի կողմից շահագործվող հեռախոսահամարի միջոցով «Քոինբեյզ» հարթակում ստեղծված մտացածին անվամբ օգտահաշվով նույնականացված դրամապանակներին 2021 թ․ հունիսից մինչև 2023 թ․ ապրիլ ընկած ժամանակահատվածում տարատեսակ կրիպտոարժութային հաշիվներից մուտքագրվել է ընդհանուր 27.824.957 ՀՀ դրամին համարժեք՝ 1.6133 «Բիթքոին» (48.486 ԱՄՆ դոլար) և 269.7351 «Դաշքոին» (14.180 ԱՄՆ դոլար) տեսակի կրիպտոարժույթներ։
Այնուհետև հանցավոր գործունեությունից ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի հանցավոր ծագումը, իրական բնույթը թաքցնելու, հանցավոր ճանապարհով ստացված միջոցների տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով կրիպտորաժութային դրամապանակներին ստացված կրիպտոարժույթը փոխանցվել է ՀՀ տարածքում կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց կողմից շահագործվող դրամապանակներին, որից հետո փոխակերպված ֆինանսական միջոցները հանցակիցների հանձնարարությամբ փոխանցվել են տարբեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են հանցավոր գործունեությանը ներգրավված անձանց կողմից։
Փողերի լվացման այս սխեմայի կիրառմամբ երիտասարդի և քննությամբ դեռևս չպարզված անձանց կողմից ստացվել ու տնօրինվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված և տարբեր էլեկտրոնային դրամապանակների և բանկային հաշիվների փոխանցված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 27.824.957 ՀՀ դրամ գումար:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է տնային կալանքը:
Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Հանցավոր խմբի մյուս անդամների մասով, ինչպես նաև՝ թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր քրեական մեծ վարույթից առանձնացված՝ նշված սխեմայով ևս 6 անձի կողմից, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և դրանից ընդհանուր շուրջ 386․000․000 դրամի փողերի լվացում կատարելու ևս 3 դրվագով քրեական գործեր դատարան ուղարկելու մասին։
Սոցիալական ցանցերի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և դրանից ստացված եկամուտները կրիպտո և այլ արժույթների փոխակերպման, տարբեր հաշիվներով շրջանառության և տնօրինման (փողերի լվացման) դեմ համակարգված պայքարը, մյուս իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցությամբ, շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: