Ֆրանսիայում տեղի է ունեցել Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլը։ Ըստ քվեարկության արդյունքների՝ առաջատարը Մարին Լը Պենի ծայրահեղ աջական «Ազգային միավորում» կուսակցությունն է։ Երկրորդ տեղում է «Նոր ժողովրդական ճակատը»: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կոալիցիան երրորդ տեղում է՝ ձայների 20 տոկոսով։ Ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 60 տոկոսը. սա վերջին 40 տարում ամենաբարձր ցուցանիշն է:
Առաջին փուլի նախնական արդյունքների հրապարակումից հետո Էմանուել Մակրոնը կոչ է արել հուլիսի 7-ին կայանալիք երկրորդ փուլում միավորվել ընդդեմ «Ազգային միավորման»:
Ձախերի առաջնորդ Ժան-Լյուկ Մելենշոնն արդեն հայտարարել է, որ կհանի իր թեկնածուներին այն ընտրատեղամասերում, որտեղ նրանք երրորդ տեղով են գնալու՝ ձայների հնարավոր բաշխման հետևանքով ծայրահեղ աջերի իշխանության գալը կանխելու համար։ Վարչապետ Գաբրիել Ատալը խոստացել է նույն մարտավարությունը կիրառել:
Ընտրության արդյունքների հրապարակումից հետո Ֆրանսիայի մի շարք շրջաններում, այդ թվում մայրաքաղաքում բողոքի ակցիաներ են սկսվել: ԶԼՄ-ների տվյալով՝ արդյունքներից դժգոհ ցուցարարները խանութներ են ավերել, աղբանամաններ այրել: Նրանք վանկարկել են՝ «թույլ չենք տա «Ազգային միավորմանը» հաղթել», «Փարիզը դեմ է ֆաշիզմին»: Ակցիայի մասնակիցների և իրավապահների միջև բախումներ են եղել, ջրցան մեքենաներ են կիրառվել:
Խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, ցրելու և խորհրդարանի արտահերթ ընտրություն անցկացնելու մասին Էմանուել Մակրոնը հայտարարել է հունիսի սկզբին՝ այն բանից հետո, երբ Ֆրանսիայում Եվրախորհրդարանի պատգամավորների ընտրություններում մեծ տարբերությամբ հաղթել է Մարին Լը Պենի կուսակցությունը: Ծայրահեղ աջական «Ազգային միավորման» հավաքած ձայները կրկնակի գերազանցել են Մակրոնի «Վերածնունդ» կուսակցության քվեները:
Մանրամասները՝ ռեպորտաժում: