Ուկրաինան ընդունում է միջազգային միջնորդների միջոցով խաղաղ բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այդ հայտարարությունն արել է The Philadelphia Inquirer-ի հետ հարցազրույցում։
Համաշխարհային լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ Զելենսկին նախկինում բազմիցս խոսել է նման բանակցությունների անհնարինության մասին, և դա «նույնիսկ Ուկրաինայում ամրագրված է եղել օրենքով»։
Մինչդեռ հունիսի 30-ին The Philadelphia Inquirer-ի լրագրողների հետ զրույցում Ուկրաինայի առաջնորդը նշել է, որ Ռուսաստանի գործող ղեկավարության հետ խաղաղ բանակցությունները կարելի է իրականացնել այն սկզբունքով, որն առաջին անգամ կիրառվել է հացահատիկային միջանցքի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության ժամանակ, երբ Կիևը բանակցել է ոչ թե ուղղակիորեն Մոսկվայի, այլ ՄԱԿ-ի ու Թուրքիայի միջնորդությամբ։
Նրա կարծիքով՝ նմանատիպ սխեման կարող է օգտագործվել «տարածքային ամբողջականության, էներգետիկայի և նավագնացության ազատության» հարցերով բանակցություններում։ Ըստ Զելենսկու՝ բացի Եվրոպայից ու ԱՄՆ-ից, տարբեր մայրցամաքների երկրները նույնպես կարող են միջնորդ հանդիսանալ այդ գործում:
Հունիսի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ելույթում նշել էր այն պայմանները, որոնց դեպքում, ըստ նրա, Մոսկվան պատրաստ կլինի դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում։ Մասնավորապես, դրանք ներառում են՝ Ուկրաինայի զորքերի ամբողջական դուրսբերումը Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններից, Կիևի պաշտոնական հայտարարությունը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության ծրագրերից հրաժարվելու և Ղրիմն ու Սևաստոպոլը, ինչպես նաև Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանները Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ ճանաչելու մասին, արևմտյան պատժամիջոցների վերացումը։