ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը հունիսի 27-ին Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակներում մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության Մարդու իրավունքների հանձնաժողովի երկրորդ նիստին:
ՄԻՊ-ի աշխատակազմից տեղեկացնում են, որ նիստը նախագահել է ԱՊՀ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ, ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան:
Մասնակցել են հանձնաժողովի անդամներ Բելառուսից, Հայաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից, հանձնաժողովի քարտուղարության և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հարցերով տարածաշրջանային հանձնակատարները։
Հանձնաժողովի անդամները քննարկել են նիստի օրակարգում ընդգրկված 10-ից ավելի հարցեր։
Ոլորտի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից առանձնացվել է օտարերկրյա քաղաքացիների իրավունքների հարգման ապահովումը: Նիստի շրջանակներում մասնակիցներին առաջարկվել է իրականացնել միգրացիոն օրենսդրության վերլուծություն և ներկայացնել դրա կատարելագործմանն ուղղված առաջարկներ: Նիստի մասնակիցները կիսվել են միգրանտների իրավունքների իրավական կարգավորման ոլորտում իրենց երկրների դրական փորձով:
Նիստում որոշում է ընդունվել աշխատանքային չորս խումբ ստեղծելու մասին, հաստատվել է դրանց աշխատանքի միասնական կարգը։
Հանձնաժողովի անդամները քննարկել են ԱՊՀ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի գործունեության տարեկան զեկույցի պատրաստմանն ու Անկախ Պետությունների Համագործակցության Մարդու իրավունքների հանձնաժողովի 2024-2025 թվականների աշխատանքային պլանի կատարմանն առնչվող հարցեր:
ԱՊՀ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 9-ին Մոսկվայում։