ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ քաղաքական և անվտանգային հարցերի հանձնաժողովի նիստին:
«Շնորհակալություն պարոն նախագահ,
Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Թոբիաս Վինքլերին այս զեկույցի և բանաձևի պատրաստման գործում գերազանց աշխատանքի համար՝ չնայած սահմանափակ ժամանակին: Այն համապարփակ է և անդրադառնում է մեր տարածաշրջանում հրատապ անվտանգային խնդիրների լուծմանը։
Բանաձևի նախագծում անդրադարձ է կատարվում նաև Հարավային Կովկասում անվտանգության ներկա իրավիճակին և քաղաքական իրավիճակին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին: Եվ ես նախատեսել էի խոսել Հայաստանի խաղաղության ձգտման մասին, և, ինչպես իմ գործընկերն ասաց, Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ ստորագրել համապարփակ և կայուն խաղաղության համաձայնագիր՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, սահմանների անխախտելիության, ուժի չկիրառման սկզբունքի վրա՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի ոգուն համաձայն: Ավելին, վերջերս Հայաստանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել առաջիկա մեկ ամսվա ընթացքում կնքել խաղաղության պայմանագիրը՝ վերը նշված սկզբունքների հիման վրա։
Բայց Հայաստանի կառավարության այս առաջարկը հայկադարձվեց ճիշտ նույն պահանջով, որը հենց նոր հնչեցրեց Ադրբեջանի պատվիրակը՝ խոսելով Հայաստանի Սահմանադրության մասին: Բանակցվող խաղաղության համաձայնագիրը հստակորեն ամրագրում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ: Խաղաղության համաձայնագրի նախագծում համաձայնեցված դրույթ կա նաև այն մասին, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը խաղաղության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար, ինչը նաև միջազգային իրավունքի հայտնի սկզբունք է, և ես կարծում եմ, որ նման հռետորաբանությունն ու պահանջները բացահայտ միջամտություն են Հայաստանի ներքին քաղաքականությանը և ներքին գործերին, ինչն անընդունելի է։
Եվ այստեղ ես կցանկանայի մեջբերել բանաձևի նախագծի 45-րդ կետը` «Վեհաժողովը ողջունում է միջազգային հանրության դիվանագիտական ջանքերը, որոնք ուղղված են Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող երկխոսության խթանմանը, ինչպես նաև վստահության ամրապնդմանն ուղղված այլ ջանքերը»։
Հարգելի՛ գործընկերներ, ձեր մասնակցությունը շատ կարևոր է: Տարածաշրջանի հանդեպ ձեր ուշադրությունը կայունության բանալին է, քանի որ երբ դուք անտեսում եք մեր տարածաշրջանը, այլ դերակատարներ, որոնք որ այնքան էլ շահագրգռված չեն խաղաղությամբ և կայունությամբ, ակտիվացնում են իրենց վտանգավոր ազդեցությունը, ինչը վատթարացնում է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և լուրջ սպառնալիք է ներկայացնում իմ երկրի ժողովրդավարական ձգտումներին, անկախությանն ու ինքնիշխանությանը։ Եվ իմ ուղերձը, որ իմ երկրի անունից փոխանցում եմ ձեզ ՝ միջազգային հանրությանը, հետևյալն է. «Եղե՛ք ներգրավված և մի՛ անտեսեք մեր տարածաշրջանը»»,- նշել է նա: