ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է՝ դաշինքը խնդիր չունի հակակշիռ դառնալու որևէ երկրի կամ կազմակերպության, այդ թվում՝ ՆԱՏՕ-ին: Միևնույն ժամանակ, ըստ Իմանգալի Տասմագամբետովի, հետևում և վերլուծում են ՆԱՏՕ-ի գործողությունները:
«Փորձագետների և անդամ պետությունների ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում մանրամասն քննարկվում են բոլոր գործոնները, որոնք ազդում են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի վրա»,- հավելել է պաշտոնյան։
Նա նշել է՝ ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ որոշումներն արագ ընդունելու և կյանքի կոչելու հնարավորությունները՝ հաշվի առնելով անդամ երկրների շահերը։
Տասմագամբետովի խոսքով՝ ՀԱՊԿ-ի արևելաեվրոպական տարածաշրջանում իրավիճակը ևս ուշադրության կենտրոնում է: «Ներկայումս ՀԱՊԿ ձևաչափում չի դիտարկվում ռազմական բաղադրիչի ուժեղացման հարցը, սակայն որոշումների կայացման արդյունավետ մեխանիզմներ կան, որոնք թույլ են տալիս արագ արձագանքել մարտահրավերներին»,- ասել է գլխավոր քարտուղարը:
Մանրամասները՝ ռեպորտաժում: