Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով «Արզնի 2» ջրատարի վթարին, տեղեկացրեց․
«Ջրատարի վթարը կրկնվեց գրեթե նույն վայրում՝ Հրազդան կիրճի հատվածում, բարեբախտաբար, «Վեոլիա ջուր»-ը կարողացել էր փականը ճիշտ ժամանակին անջատել, որ ջրի վարակի դեպք չգրանցվեր Արաբկիր վարչական շրջանում, ձեռնարկվեցին անհետաձգելի բոլոր աշխատանքները, և հաջորդ օրվա երեկոյան՝ արդեն 23։00-ին, միացվեց ջրամատակարարումը ամբողջ համակարգում։
Մենք եղել ենք տեղում, նոր-նոր սկսել են կիրճի այդ հատվածի գետի հունի մաքրման աշխատանքները, եթե այդ աշխատանքները չարվեն, ոչ մի երաշխիք չկա, որ պարբերաբար վթարները չեն կրկնվի․ անթույլատրելի է խողովակը թողնել գետի հոսող ջրի մեջ»։
Արեյանը հույս հայտնեց, որ կարճ ժամանակում փլուզված հատվածը դուրս կբերվի, գետի հունը կփոխվի, կմաքրվի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արզնի-2» ջրատարի վրա տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 27-ին՝ ժամը 18:30-ից մինչև հունիսի 28-ը՝ ժամը 23:00-ն, դադարեցվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը։