Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 28-ին մասնակցել է «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի ամփոփիչ համաժողովին։
Միջոցառման ընթացքում քննարկվել են վերջին տարիներին Աշխատանքային օրենսգրքում և հարակից օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, արտադատական պաշտպանության հնարավորությունները, աշխատանքային իրավունքների վիճակի վերաբերյալ ընկալումները և ապագա հեռանկարներն ու առաջնահերթությունները։
Ողջունելով ներկաներին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է աշխատանքային իրավահարաբերությունների ոլորտում առավել հաճախ հանդիպած խնդիրներն ու Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումները։ Ըստ նրա՝ մեր հասարակությունում աշխատանքային իրավունքի խնդիրներին շատ քիչ է անդրադարձ կատարվում, մինչդեռ այս ոլորտում կան բազմաթիվ բացեր, որոնք ունեն թե´ օրենսդրական կարգավորումների, թե´ պրակտիկայում կիրառելիության տարբեր կառուցակարգերի ներդրման կարիք։
Պաշտպանը փաստել է, որ թեև վերջին տարիներին Աշխատանքային օրենսգրքում և հարակից օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից գրանցել են առաջընթաց ու կարևոր ցուցիչ քաղհասարակության և պետական մարմինների միջև արդյունավետ համագործակցության, այնուամենայնիվ կան մի շարք խնդիրներ, որոնք ունեն պատշաճ կարգավորման և հասցեավորման կարիք։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը կարևորել է հանրային քննարկումների ձևաչափով քաղաքացիների իրազեկվածության մակարդակի բարձրացումը, քանի որ Պաշտպանի աշխատակազմ դիմող քաղաքացիների զգալի մասը տեղեկացված չէ իրենց իրավունքներից։
«Առաջին ոլորտներից մեկը, որին կցանկանամ անդրադառնալ, աշխատավայրում սեռական ոտնձգությունների կանխարգելման և դրա դեմ պայքարի մեխանիզմների առկայության կարևորությունն է։ Ես կարող եմ ասել, որ այս ոլորտը մեր երկում պատշաճ հասցեավորված չէ, այստեղ կան ինչպես օրենսդրական կարգավորումների, այնպես էլ պրակտիկայում դրանք ընկալելու ու կիրառելու խնդիր։ Երկրորդ շատ կարևոր հարցը` աշխատավայրում խոցելի խմբերի՝ հաշմանդամություն ունեցող անձանց, ազգային փոքրամասնությունների, ԼԳԲՏ համայնքի և մի շարք այլ խմբերի իրավունքների պաշտպանությունն է։
«Բազմաթիվ բողոքներ ենք ստացել նաև աշխատանքից դուրս գալիս վերջնահաշվարկ չստանալու կամ սահմանվածից քիչ ստանալու առնչությամբ, որոնց հիմնական մասը լուծվել է ՄԻՊ միջամտությամբ։ Խնդրահարույց են հաստիքների կրճատման հետևանքով նախապատվության օրենսդրական չափանիշների բացակայությունը, գործադուլի իրավունքի առնչությամբ տարընկալումները և մի շարք այլ հարցեր։ Այս և մի շարք այլ խնդիրների մանրամասն անդրադարձ է կատարվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման մեջ»,- ասել է Անահիտ Մանասյանը։
Եզրափակելով ելույթը՝ Պաշտպանը շեշտել է համագործակցային միջավայրի կարևորությունը՝ ոլորտում առկա խնդիրները հայտնաբերելու և համատեղ ջանքերով դրանց համար լուծման ուղիներ մշակելու տեսանկյունից։