Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը՝ Դատական կարգադրիչների (պրիստավների) դաշնային ծառայության տնօրեն, գլխավոր դատական կարգադրիչ Դմիտրի Արիստովի հրավերով, հունիսի 26-28-ը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Պետերբուրգյան 12-րդ միջազգային իրավաբանական համաժողովին։
Համաժողովի շրջանակում, ըստ օրակարգի, ոլորտի մասնագետների հետ «բաց երկխոսություններ» ձևաչափով մի շարք քննարկումներից բացի, Արսեն Մնացականյանն ու Դմիտրի Արիստովն առանձին հանդիպում են ունեցել։ Քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում` 11.04.2024թ. ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի առանցքային ուղղությունները:
Գործակցության նոր ուղիների ստեղծման և ընդլայնման նպատակով գործընկեր կառույցների ղեկավարները ստորագրել են երկու կառույցների 2024-2025 թթ․ համագործակցության ծրագիրը, որի դրույթները բխում են դեռևս ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՌԴ Դատական պրիստավների դաշնային ծառայության միջև 2019 թվականի նոյեմբերի 29-ին Փարիզում ստորագրված համագործակցության հուշագրից։