ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենն Ադրբեջանում է, որտեղ նա հանդիպել է Իլհամ ԱԼիևի և Ջեյհուն Բայրամովի հետ: Հանդիպումներից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարևոր առաջընթաց է համարում Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունները։
Նա նշել է, որ Բաքուն և Վաշինգտոնը կկարողանան խորացնել համագործակցությունը տարածաշրջանային անվտանգության հարցում։ Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ վերջին տարիների զարգացումները թույլ են տվել Ադրբեջանին կենտրոնական դեր խաղալ տարածաշրջանում, ինչն էլ իր հերթին խաղաղության հաստատման է հանգեցրել:
«Այսօրվա քննարկումների մեծ մասը նվիրված էր տարածաշրջանային հարցերին։ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը մենք քննարկել ենք մի քանի կոնկրետ հարցեր, մասնավորապես անդրադարձել ենք տարածաշրջանում տիրող իրավիճակին։ Խոսել ենք տարածաշրջանում խաղաղության հաստատման մասին», - ասել է նա։
Պետքարտուղարի օգնականն ընդգծել է, որ տարածաշրջանի երկրների միջև համագործակցությունը ոչ միայն կբարելավի անվտանգության ոլորտում տիրող իրավիճակը, այլև թույլ կտա Կենտրոնական Ասիայից ապրանքներ մատակարարել Ադրբեջանի, ապա Վրաստանի և Հայաստանի տարածքով համաշխարհային շուկաներ:
Մեկնաբանելով Հայաստանին ֆրանսիական սպառազինության մատակարարման մասին հարցը՝ Օ'Բրայենը հայտարարել է, որ յուրաքանչյուր երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի:
«Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը նույնպես զինվում է», - նշել է դիվանագետը:
Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում նախատեսվող հանդիպմանը, որը տեղի կունենա Վաշինգտոնում: Ավելի վաղ Ջեյմս Օ' Բրայենն այցելել էր Երևան և բանակցություններ վարել Հայաստանի ղեկավարության հետ:
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։