ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում՝ նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, մարզպետների մասնակցությամբ համատեղ խորհրդակցություն են իրականացրել։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր։ Նախ քննարկվել են հանրակրթական դպրոցների կառավարման նոր մոդելին առնչվող հարցերը, մասնավորապես՝ տնօրենի և վարչատնտեսական համակարգողի գործառույթների տարանջատման ու արդյունավետ իրագործման վերաբերյալ:
Այնուհետև ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը խոսել է հունիսի 27-ի Կառավարության նիստում ընդունված որոշման՝ կառուցված և կառուցվող 93 մանկապարտեզների՝ գույքով ապահովման գործընթացին հավուր պատշաճի հետևելու մասին։
Հանձնարարել է գնվող գույքի նմուշների նախնական ուսումնասիրություն կատարել, որպեսզի որակական խնդիրներ չլինեն։
Քննարկվել են նաև ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի ընթացքն ու առկա խնդիրները։
Զեկուցվել է 2024 թվականին ՀՀ համայնքներից ներկայացված սուբվենցիոն ծրագրերի ընթացքը։ Քննարկվել են նաև սուբվենցիոն փաթեթների ամբողջական ու անթերի լինելու հարցերը։
Հանձնարարվել է հետևողական լինել ամբողջական փաթեթների վերաբերյալ ոլորտային գերատեսչությունների կողմից տրված դիտողությունների հիման վրա նախագծանախահաշվային փաթեթները լրամշակելու գործընթացին։
Քննարկվել են նաև 7-13 տարեկան երեխաների 2024 թ. ամառային հանգստի կազմակերպման հետ կապված հարցեր։
Զեկուցվել են ճամբար մեկնող երեխաների առաջին և երկրորդ հերթափոխերի թվաքանակը, երեխաների անվտանգ տեղափոխման, դպրոցականների ամառային հանգիստը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ հարցեր։
Քննարկվել են աշխատանքային մի շարք այլ հարցրեր ևս, տրվել համապատասխան հանձնարարականներ։