Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային աշխատակիցների հետ այցելել է Արաքս համայնքի Ապագա և Ջրառատ բնակավայրեր՝ ծանոթանալու համայնքում իրականացված և ընթացքում գտնվող շինարարական աշխատանքներին: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետի աշխատակազմից։
Ապագա բնակավայրում մարզպետն այցելել է գյուղի դպրոցին կից, սուբվենցիոն ծրագրով կառուցված մարզադպրոց (մակերեսը` 550 քմ): Ծրագրի պայմանագրային արժեքը 19.7 ՀՀ դրամ է, որի 35%–ը համաֆինանսավորվել է պետության, իսկ 65%–ը՝ համայնքի կողմից։ Այսօր արդեն վերանորոգված և բոլոր չափանիշներին համապատասխանող մարզադպրոց է հաճախում ավելի քան 100 երեխա ոչ միայն Ապագա բնակավայրից, այլ նաև հարակից գյուղերից, ովքեր զբաղվում են հունահռոմեական ոճի ըմբշամարտով:
Այնուհետև մարզի ղեկավարն այցելել է նաև գյուղի միջնակարգ դպրոց, տնօրենի ուղեկցությամբ շրջել դպրոցում, ծանոթացել շենքային պայմաններին, առկա նյութատեխնիկական բազային:
Ապագա գյուղում Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի և մարզի համայնքների համատեղ ֆինանսավորմամբ կառուցվել է նաև արհեստական խոտածածկով մանկապատանեկան ֆուտբոլի դաշտ: Ջրառատ բնակավայրում Դավիթ Խուդաթյանն այցելել է մշակույթի տուն, որտեղ ընթացքի մեջ են վերանորոգման աշխատանքները: Ծրագրի արժեքը 110 մլն դրամ է, որը համաֆինանսավորվելու է 60% կառավարության և 40% համայնքի միջոցներով:
Շրջայցի ժամանակ մարզպետը զրուցել է շինարարական օբյեկտների պատասխանատուների հետ, քննարկել են աշխատանքներին վերաբերող տարաբնույթ հարցեր: