Հունիսի 27-ին՝ ժամը 21։00-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել գետը, կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ․ Հ․, ծնված 1993 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել Արփա գետը. վարորդը և ուղևորներ Մ․ Հ․-ն (ծնված 1994 թ.), Գ․ Հ․-ն (ծնված 2001 թ.) և Ա․ Հ․-ն (ծնված 2022 թ.) մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորները դուրս են եկել մեքենայից։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։ Ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: