Եվրոպայի խորհրդի 75-ամյակի շրջանակում ԵԽ քարտուղարությունը նախաձեռնել է «Մարդու իրավունքներ, տեսախցիկ, գործողություն» («Human Rights: Camera, Action!») խորագրով լուսանկարչական և վիդեոնկարչական երիտասարդական մրցույթ:
«Մարդու իրավունքներ, տեսախցիկ, գործողություն» խորագրով մրցույթը նախատեսված է ԵԽ անդամ երկրների՝ սիրողական մակարդակով լուսանկարչությամբ և տեսանկարահանմամբ զբաղվող՝ մինչև 26 տարեկանը ներառյալ երիտասարդների համար:
Մասնակիցներին առաջարկվում է լուսանկարի կամ մինչև 40 վայրկյան տևողությամբ կարճ տեսանյութի միջոցով պատկերել/տեսանկարել մարդու հիմնարար իրավունքների դերն առօրյա կյանքում, ներկայացնել իրենց ընկալումները մարդու իրավունքների և դրանց պաշտպանության հարցում կամ տեսլականը՝ Եվրոպայում մարդու իրավունքների ապագայի մասին: Ընդունվում են նաև արհեստական բանականության միջոցով ստացված լուսանկարներն ու տեսանյութերը
Մրցույթի համար սահմանված են հետևյալ չորս անվանակարգերը՝ «Լավագույն լուսանկար», «Լավագույն տեսանյութ», «Արհեստական բանականության միջոցով ստացված լավագույն լուսանկար», «Արհեստական բանականության միջոցով ստացված լավագույն տեսանյութ»: Յուրաքանչյուր անվանակարգում հնարավոր է ներկայացնել մեկ կամ ավելի ստեղծագործություն:
Մրցույթը եզրափակվելու է ընթացիկ տարվա նոյեմբերին Ստրասբուրգում կայանալիք «Վստահություն վաղվա օրվա հանդեպ. երիտասարդների հետ ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքների փոխանակում և ձևավորում» երիտասարդության միջազգային համաժողովի շրջանակում:
Մրցութային չորս անվանակարգերի համար ընտրված չորս հաղթողները կպարգևատրվեն համապատասխան դիպլոմներով և ընթացիկ տարվա նոյեմբերի սկզբին ԵԽ ֆինանսավորմամբ կճամփորդեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽ կենտրոնակայանում իրենց հեղինակած ստեղծագործությունների ցուցադրմանը, որոնք կհրապարակվեն նաև ԵԽ կայքէջում և ԵԽ սոցիալական ցանցերում:
Մրցույթն անցկացվելու է հետևյալ ժամանակացույցով՝
-
Մինչև 2024 թ. հուլիսի 14-ը՝ մասնակիցների կողմից լուսանկարի/տեսանյութի ներկայացում Instagram-ում՝ ԵԽ տարբերակիչ հղումներով,
-
Մինչև 2024 թ. հոկտեմբեր՝ ԵԽ մրցութային հանձնաժողովի կողմից լուսանկարների/տեսանյութերի ընտրություն, հաղթողների հետ կապի հաստատում,
-
2024 թ. նոյեմբերի 6-8-ը՝ մրցույթի հաղթողների այց Ստրասբուրգ, դիպլոմների հանձնում, նրանց հեղինակած լուսանկարների և տեսանյութերի ցուցադրում Ստրասբուրգում:
Մրցույթի մասին առավել մանրամասն տեղեկությունները հասանելի են https://www.coe.int/en/web/coe-story/rules հղումով:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության մշակութային միջազգային համագործակցության բաժին՝ հեռ. (+374) 10-599-648: