ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը զեկույցով հանդես է եկել Ստրասբուրգում ընթացող վեհաժողովի նստաշրջանում:
«Մեծարգո՛ նախագահ, հարգելի՛ զեկուցողներ, հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանն ունի բարեփոխումների կարևոր օրակարգ, և դա հստակ արտացոլված է զեկույցում: Անկախ այն դժվարություններից, որոնցով ՀՀ-ն անցնել և անցնում է, պարզ է, որ Հայաստանի ժողովուրդն իր ընտրությունը կատարել է: Մենք ուզում ենք լինել ժողովրդավարական պետություն: Մենք պետք է պաշտպանենք ժողովրդավարությունը, և դա պահանջում է ամենօրյա պաշտպանություն ու ամուր նվիրվածություն:
Ուստի, կարևոր է փաստել, որ ընտրական բարեփոխումները տեղի են ունեցել պատշաճ կերպով: Մոնիտորինգի հանձնաժողովը ողջունել է ընտրական օրենսդրության բարեփոխումները, որոնք մինչ խորհրդարանի կողմից ընդունելը հանգամանորեն քննարկվել են տարբեր շահագրգիռ կողմերի հետ Հայաստանի տարբեր մարզերում:
Զեկույցում նշվում է, որ 2023 թվականի Երևանի ընտրությունները երրորդ անընդմեջ ընտրություններն էին 2018 և 2021 թվականների համապետական ընտրություններից հետո, որոնք միջազգային հանրության կողմից գնահատվել են որպես զերծ այն խախտումներից, որոնք տեղի էին ունենում մինչև հեղափոխությունը, և սա կարևոր է ընդգծել:
Քանի որ իմ գործընկերներն արդեն ներկայացրել են բարեփոխումների լայն շրջանակ, ես ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ընտանեկան բռնության դեմ պայքարի վերաբերյալ իմ և իշխող կուսակցության իմ երկու գործընկերների կողմից իրականացվող բարեփոխումների վրա:
2024 թվականի գարնանն Ազգային ժողովն ընդունել է «Ընտանեկան կենցաղային բռնության դեմ» գործող օրինագծում փոփոխությունների մեր առաջարկները: Փոփոխությունների նպատակն էր կատարելագործել գործող օրենսդրությունը, ներդնել զուգընկեր հասկացությունը և քրեականացնել հետապնդումները, ինչպես առաջարկում է Ստամբուլյան կոնվենցիան: Օրինագծի համաձայն` վերանայվում են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներում թվարկված ծանրացնող հանգամանքները, այդ թվում` գենդերային, ինչպես նաև` զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից կատարված արարքները:
2023 թվականի նոյեմբերի 3-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությունը: Ես համաձայն եմ ՀՀ վարչապետի հետ, որ մենք դիտարկում ենք նաև Հռոմի ստատուտի վավերացումը՝ որպես մեկ այլ միջոց, որը Հայաստանի Հանրապետությանը թույլ կտա օգտագործել Միջազգային քրեական դատարանի հնարավորություններն արտաքին անվտանգությունն ապահովելու համար: Որպես ամփոփում` կարևորում եմ նշել, որ Հայաստանը մնում է նվիրված խաղաղության բանակցություններին»,- ասված է զեկույցում: