Մենք բանակցություններ ենք վարել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, և պետք է նշեմ, որ գրեթե ավարտել ենք աշխատանքը խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի վրա։ Այդ մասին Էստոնիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում վերջնականացնել տեքստը և խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Ցավոք, պետք է նշեմ, որ մինչ օրս մենք չունենք ադրբեջանցի գործընկերների կողմից դրական արձագանք մեկ ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիր ստորագրելու մեր առաջարկին, սակայն Հայաստանը վճռական է և հաստատակամ խաղաղության օրակարգի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու, ինչպես նաև 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման և սահմանների սահմանազատման գործընթացը շարունակելու հարցում։
Ես իրապես հավատում եմ, որ մենք ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու և մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն: Եվ ես իրապես հավատում եմ, որ այս խաղաղությունը ձեռնտու կլինի տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին և երկրներին: Մենք շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ և ակնկալում ենք Հարավային Կովկասում կայունության և երկարատև խաղաղության հաստատմամբ շահագրգռված մեր գործընկերների աջակցությունը»,- նշել է Արարատ Միրզոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: