«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարն այս տարի կանցկացվի օգոստոսի 17-ին:
Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, մրցաշարն անցկացվում է արդեն երրորդ անգամ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում՝ Հանրապետությունում լողի մասսայականացման և առողջ ապրելակերպի քարոզման նպատակով:
Հիշեցնենք՝ մրցաշարին մասնակցության համար ներկայացվում է հայտ՝ համաձայն հավելված 2-ի, անձնագրի կամ նույնականացման վկայականի և մրցումներին մասնակցելու համար բժշկի թույլտվության պատճենները կամ տեղեկանք առողջության վերաբերյալ, ինչպես նաև մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման և ստանձնման պայմանագիրը:
Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ լողի ֆեդերացիա՝ մինչև 2024 թվականի հուլիսի 30-ը ներառյալ (հասցե՝ Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց, Մ. Խորենացի փ. 1/1, Էլ. հասցե` [email protected])։
Հայտը ներկայացնող անձը ՀՀ լողի ֆեդերացիայի կողմից ընտրված լողավազանում պետք է հանձնի նախնական ստուգարք՝ լողալու ունակության մակարդակը որոշելու համար:
Մրցաշարին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա՝ 18 և բարձր տարիքի քաղաքացիները (սիրողական մարզիկներ, ուսանողներ, պետական և մասնավոր ոլորտի աշխատողներ, միջազգային կազմակերպությունների և դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրացի զբոսաշրջիկներ՝ առանձին խմբով), որոնք չունեն առողջական խնդիրներ:
Մրցաշարին չեն կարող են մասնակցել այն մարզիկները, որոնց անունները ներառված են ՀՀ լողի վարկանիշային աղյուսակում (ռեյտինգ) կամ վերջին հինգ տարիների ընթացքում մասնակցել են ՀՀ լողի առաջնություններին կամ միջազգային մրցաշարերին:
Մրցաշարը կանցկացվի 2 տարիքային խմբերով`
-
1-ին տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան (1984-2006 թթ. ծնված) կանայք և տղամարդիկ,
-
2-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի (1983 թ. ծնված) կանայք և տղամարդիկ:
Կանայք կմրցեն հազար (1000) մետր, իսկ տղամարդիկ՝ հազար հինգ հարյուր (1500) մետր լողատարածություններում:
Դրամական մրցանակներ երկու տարիքային խմբերի՝ 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցների համար՝
1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ,
4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,
5-10-րդ տեղ՝ 50.000 ՀՀ դրամ,
Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն: