Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 26-ին Մատենադարանում մասնակցել է «Հայ մշակութային և գիտական ընկերակցության» (ASOF) երրորդ տարեկան համաժողովին:
«Հայաստանը ցանկանում է լինել հաջողակ և մրցունակ երկիր: Այդ նպատակին հասնելու համար մենք մշակում ենք մի շարք ծրագրեր»,- ողջունելով համաժողովի մասնակիցներին` ասել է Հակոբ Արշակյանը:
Որպես ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի գործադիր մարմնի ղեկավար` ԱԺ փոխնախագահը ներկայացրել է խորհրդի կատարած աշխատանքները: Նրա խոսքով բարձր տեխնոլոգիաների զարգացումը որոշիչ դերակատարում ունի պետությունների մրցունակության, անվտանգության և կենսամակարդակի բարձրացման գործում: Նշելով, որ յուրաքանչյուր պետություն ունի կրթության, գիտության զարգացմանն ուղղված իր մշակած ռազմավարությունը, Հակոբ Արշակյանը ներկայացրել է այն առաջնահերթ ուղղությունները, որոնց հետ կապված խորհուրդն իրականացնում է աշխատանքներ: Փոխնախագահը նշել է, որ խորհրդի շրջանակում ձևավորվել են արհեստական բանականության, ռոբոտաշինության/ավիատիեզերական, միկրոէլեկտրոնիկայի, բիոտեխնոլոգիաներ և կյանքի գիտությունների, քվանտային տեխնոլոգիաների, կրթության, գիտության, արդյունաբերության աշխատանքային խմբեր:
Միջազգային արդյունավետ փորձի և աշխատանքային խմբերի ուսումնասիրությունների հիման վրա էլ պետք է մշակվի գիտության, բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարությունը:
Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել «Հայ մշակութային և գիտական ընկերակցությանը» նման ձևաչափով համաժողով կազմակերպելու համար` մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:
«Հայ մշակութային և գիտական ընկերակցությունը» (ASOF) համախմբում է աշխարհի 34 երկրներից 312 գիտնականների և փորձագետների` ավելի քան 200 մասնագիտական ուղղություններով: ASOF անդամներից 55-ն աշխարհի լավագույն 100 համալսարաններում գործող դասախոսներ և հետազոտողներ են: Առաքելությունն է օգնել Հայաստանի կրթական և գիտահետազոտական հաստատություններին գրանցել համաշխարհային մակարդակի աճ և համագործակցային կապերի ամրապնդմամբ վերջիններիս ներգրավել գիտակրթական համաշխարհային ցանցում:
Ամենամյա համաժողովը ASOF անդամների համար հնարավորություն է ներկայացնելու Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող թեմաների շուրջ նոր գաղափարներ և նախագծեր: