Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը Կառավարության նիստին քննարկմանն է ներկայացրել 2024 թվականի Պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություն և վերաբաշխում անելու նախագիծը, որով նախատեսվում է պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ հատկացնել 2024 թվականի հուլիսի 1-ին հանրային պաշտպանի գրասենյակին լրացուցիչ 15 հաստիք ավելացնելու նպատակով՝ ներկայիս թվով 69 հաստիքները ավելացնելով մինչև 84:
«Հանրային պաշտպանի գործերի քանակը շարունակաբար աճում է: 2023 թվականի հանրային պաշտպանի գրասենյակի կողմից վարած քրեական գործերի քանակն աճել է մոտ 40 տոկոսով. 2023-ին գրասենյակը վարել է 4400-ով ավելի գործ, քան նախորդ տարի:
Քրեական գործերի վարող մեկ հանրային պաշտպանին միջինում բաժին է ընկել 282 քրեական վարույթ, ինչը 35 տոկոսով ավելի է նախորդ տարվա ժամանակահատվածի ցուցանիշներից»,- ասաց նա:
Նախարարի տեղակալը նշեց, որ գրասենյակի գործերի աճը պայմանավորված է մի շարք գործառույթներով, այդ թվում՝ քրեական դատավարության նոր օրենսգրքով քրեական վարույթներով որոշակի գործողություններին պաշտպանի պարտադիր ներգրավման անհրաժեշտությամբ, վարույթն իրականացնող մարմինների կողմից նախաձեռնված քրեական վարույթների քանակի աճով, անվճար իրավաբանական օգնություն ստացող սուբյեկտների շրջանակի ընդլայնմամբ, ԼՂ-ից 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո բռնի տեղահանված փախստականների իրավական խնդիրների աջակցության անհրաժեշտությամբ, գրասենյակի գործունեության վերաբերյալ հանրային իրազեկվածության և հանրային վստահության մակարդակի աճով:
«Նախագծի ընդունումը կարևոր քայլ կլինի Հայաստանում անվճար իրավաբանական օգնության կառուցակարգերի արդյունավետության ամրապնդման, մատուցվող ծառայությունների որակային չափանիշների բարելավման և Սահմանադրությամբ երաշխավորված իրավաբանական օգնության անափան տրամադրումն ապահովելու ուղղությամբ»,- նշեց Կարեն Կարապետյանը:
Նա տեղեկացրեց, որ նախագծի ընդունման արդյունքում այս տարի նախատեսվում է 70 մլն 500 հազար դրամ գումարի հատկացում, որից շուրջ 10 մլն դրամը նախատեսվում է հատկացնել արդարադատության նախարարության խնայողություններից, մնացածը՝ Կառավարության պահուստային ֆոնդից: 2025 թվականից անվճար իրավաբանական օգնության ոլորտին տարեկան կհատկացվեն շուրջ 141 մլն դրամ լրացուցիչ միջոցներ:
«Սա այն որոշումներից է, որը ի ցույց է դնում արդար դատաքննության իրավունքին քաղաքացիների հասանելիությունն ապահովելու Կառավարության կամքը, և մենք, իհարկե, սա դիտում ենք ընդհանուր առմամբ արդարադատության ոլորտի բարեփոխումների և դատական համակարգի բարեփոխումների համատեքստում, և ուզում եմ ընդգծել գոհունակությամբ, որ երեկ Եվրոպայի խորհրդի ԽՎ-ն Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը վերաբերող իր բանաձևում բարձր է գնահատել նաև դատական համակարգի անկախության պահպանմանն ուղղված բարեփոխումները, որն իրականացնում է ՀՀ կառավարությունը: Իհարկե, նաև նշել է մի շարք մարտահրավերների մասին, և դրանց մասին մենք նույնպես գիտենք: Ընդհանուր առմամբ մեր կամքն է, որպեսզի մենք հետևողական և անհոգնել գնանք ՀՀ դատական համակարգին իրական անկախություն ապահովելու ճանապարհով: Կարծում եմ՝ նաև անկախությունը և արդար դատաքննության հասանելիության իրավունքի հասանելիությունն ապահովելու իմաստով հանրային պաշտպանի ինստիտուտի ուժեղացումը շատ կարևոր է: Մենք սրա հետ կապված ունենք պատկերացումներ, և դրանք հետևողականորեն կյանքի ենք կոչելու»,- նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: