Կանադան Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման առումով իդեալական լուծում է համարում՝ ընդգծելով, որ այն շատ հստակ ցույց է տալիս Հայաստանի՝ խաղաղության գործընթացին ուղղված կառուցողական հավատարմությունն ու դեպի ապագա շարժվելու հանձնառությունը։
«Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները՝ խոսելով հայ-կանադական հարաբերությունների հեռանկարների, տարածաշրջանային զարգացումների, Հայաստանում Կանադայի նորաբաց դեսպանության իրականացրած գործունեության և այլ հարցերի շուրջ։
- Պարոն դեսպան, 2023 թվականի հոկտեմբերին Կանադան պաշտոնապես բացեց իր դեսպանությունը Հայաստանում. բացման արարողությանը մասնակցում էր նաև Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին։ Բացման արարողությունից հետո իր հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նա հայտարարեց, որ դեսպանատան բացումը նպատակ ունի խորացնել և ամրապնդել Հայաստանի ու Կանադայի միջև կապերը։ Ինչպե՞ս կգնահատեք երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ներկա մակարդակը և ի՞նչ կարևոր կետեր կառանձնացնեք։
- Կարծում եմ՝ գերազանց է։ Միակ դժվարությունը թվարկելն է այն ամենն, ինչ մենք կարողացել ենք անել այս կարճ ժամանակահատվածում: Դեսպանատան բացումից հետո մենք ավելի շատ այցելություններ ենք ունեցել, այդ թվում՝ ավելի շատ խորհրդարանականների այցեր: Մենք ունեցել ենք մեր առաջին գործարար պատվիրակության այցը: Բարձրաստիճան պետական պաշտոնյաներ են այցելել մեր ոստիկանությունից, զինվորականներից: Ունեցանք նաև Կանանց, խաղաղության և անվտանգության մեր դեսպանի այցելությունը: Այսպիսով, մենք այցերով փոխանակվելու շատ ու շատ հնարավորություններ ենք ունեցել: Եվ, թերևս, ավելի կարևորն այն է, որ ես և իմ գործընկերները՝ լինելով այստեղ՝ դեսպանատանը, հնարավորություն ենք ունեցել տեղում շփվելու հայերի հետ: Միանշանակ, հրաշալի է տեսնել, թե որքան է ողջունվում Կանադայի ներկայությունն այստեղ, և որքան ցանկություն կա ամրապնդելու մեր երկու երկրների միջև գործընկերությունը:
- Պարոն Թըրներ, Հայաստանում Կանադայի դեսպանատան բացումից անցել է գրեթե մեկ տարի: Ինչպե՞ս կգնահատեք այս ընթացքում կատարված աշխատանքը, և ի՞նչ է տվել այն հայ-կանադական հարաբերություններին։
- Կարծում եմ՝ աշխատանքը շատ լավ է անցել։ Մենք, ակնհայտորեն, ինչպես տեսնում եք, դեռևս ֆիզիկապես մեծ աշխատանք ենք կատարում դեսպանատան ստեղծման ուղղությամբ՝անձնակազմի համալրում, շինարարություն, ծառայողական մեքենաների գրանցման նյութատեխնիկական առաջադրանքներ: Բայց այս ամենը հիմք է դնում ապահովելու, որ դեսպանությունը կարողանա ամրապնդել կապերը Հայաստանի հետ առաջիկա տասնամյակների ընթացքում: Նույնիսկ անցումային այս փուլում մենք ի վիճակի ենք հեշտացնել այցելությունների հետ կապված գործընթացները, փոխանակումները և գործընկերության հնարավորությունները, որոնցից մի քանիսը ես նշեցի: Կան նաև շատ ուրիշ հնարավորություններ. օրինակ՝ մեր դերը Եվրոպական միության դիտորդական առաքելությունում: Կարծում եմ, որ ամուր գործընկերությունը պայմանավորված է նրանով, որ տեղում ունենք գործող դեսպանություն: Այդ գործընկերությունն ավելի կուժեղանա, երբ դեսպանությունն աշխատի իր ամբողջ հզորությամբ:
- Ինչպես գիտենք, Կանադան նաև միացել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությանը․ այս համատեքստում, ինչպե՞ս կգնահատեք առաքելության աշխատանքն ու, ընդհանուր առմամբ, նրա գործունեությունը, ըստ Ձեզ՝ ո՞րն է առաքելության դերը հայ-ադրբեջանական սահմանային անվտանգության պահպանման և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։
- Ըստ իս՝ այն աշխատանքը, որը կատարվել է Եվրոպական միության դիտորդական առաքելության կողմից, հատկանշական է եղել։ Կարծում եմ՝ դա միջազգային հանրության հանձնառության շատ տեսանելի, շոշափելի դրսևորումն է, որը փորձում է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը: Եվ ես հենց անցյալ շաբաթ հնարավորություն ունեցա կրկին Կանադայից այցելած մեկ այլ պաշտոնյայի հետ համատեղ հանդիպել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարության հետ, հանդիպեցինք կանադացի դիտորդի հետ, որին մենք տեղակայել ենք, և փաստացիորեն, միացանք նրանց պարեկություններից մեկին: Այսպիսով, մենք կարողացանք առաջին ձեռքից տեսնել, որ սահմանամերձ շրջաններում մարդիկ այդքան գոհ են պարեկություններից: Գոհ են, քանի որ նրանք տեսնում են, որ մենք զբաղվում ենք դրանով։ Կատարված աշխատանքի առումով կարող եմ ասել, որ նկատելի է՝ սահմանամերձ շրջաններում, որտեղ տեղի են ունենում ԵՄ դիտորդական առաքելության պարեկությունները, միջադեպերի թիվը զգալիորեն նվազել է։ Մենք աշխատում ենք նաև օգնել՝ զարգացնելու վստահության ամրապնդման հետագա միջոցները: Այսպիսով, ես կարծում եմ, որ Կանադայի կառավարության և հայկական կողմի արձագանքներն իրենք են խոսում իրենց մասին: Ընդհանրապես, կարծում եմ, որ դեսպանատան բացումից բացի, ԵՄ դիտորդական առաքելության մեջ Կանադայի ներդրումն այն է, որ Կանադան ավելի տեսանելի է: Եվ սա, իհարկե, Կանադա-ԵՄ համագործակցության հիանալի օրինակ է: Նաև օրինակ է այն բանի, թե ինչպես է միջազգային հանրությունը համատեղ աշխատում խաղաղության գործընթացն առաջ մղելու ուղղությամբ:
Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում։