Բոլիվիայի կառավարության նստավայր մայրաքաղաք Լա-Պասում զինվորականները հավաքվել են կառավարության շենքի առջև։ Երկրի բանակի նախկին հրամանատար Խուան Խոսե Սունյիգան հայտարարել է «հայրենիքը վերադարձնելու» մտադրության մասին։
Բոլիվիական բանակի ստորաբաժանումներն ուժով ներխուժում են շենք։ Տեղեկություններ կան նաև, որ զրահամեքենա է մուտք գործել նախագահական պալատի տարածք։
Բոլիվիայի կառավարության և խորհրդարանի շենքում աշխատող քաղաքացիները տարհանվել են։
Նշենք, որ բանակի նախկին հրամանատարը պաշտոնից ազատվել է այն բանից հետո, երբ պատրաստակամություն է հայտնել ձերբակալել Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսին։ Վերջինս հայտարարությունից հետո հրամանատարին մեղադրել է պետական հեղաշրջման փորձի համար և քաղաքացիական համախմբման կոչ է արել՝ «ժողովրդավարությունը պաշտպանելու» համար, ապա հայտարարել է գործադուլ և ճանապարհների փակում։
Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն հայտարարել է «բանակի որոշ ստորաբաժանումների տարօրինակ շարժերի» մասին և կոչ արել հարգել ժողովրդավարությունը։
Երկրի կառավարությունը միջազգային հանրությանը դիմել է կոչով, այն է՝ աջակցել երկրի գործող օրինական իշխանություններին՝ հեղաշրջման փորձերի մասին հաղորդագրությունների համատեքստում։