WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ հարուցված գործը կարճվել է: Նրան սպառնում էր 175 տարվա ազատազրկում: CNN-ը գրում է, որ Ասանժի ազատ արձակումը հնարավոր է դարձել ԱՄՆ արդարադատության նախարարության հետ գործարքի շրջանակում: Դատարանում Ասանժն իրեն մեղավոր է ճանաչել լրտեսության մասին օրենքը խախտելու, ազգային անվտանգության համար վտանգ ներկայացնող տեղեկություն ստանալու և տարածելու համար:
Դատավորն Ասանժին դատապարտել է 62 ամսվա ազատազրկման, որը, սակայն, նա արդեն անցկացրել է բրիտանական բանտում: WikiLeaks-ի հիմնադրին նոր բանտարկություն չի սպառնում:
Դատական նիստից հետո Ասանժը մեկնել է Ավստրալիա, նա այդ երկրի քաղաքացի է։ Ասանժին արգելվում է առանց թույլտվության վերադառնալ ԱՄՆ, Վաշինգտոնն էլ պարտավորվում է հետագայում նրան նոր մեղադրանք չներկայացնել: Սրանք արդարադատության նախարարության հետ կնքված գործարքի և Ասանժի ազատ արձակման պայմաններից են։