Քենիայի նախագահ Ուիլյամ Ռուտոն զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին հրաժարվել է ստորագրել բյուջեի նախագիծը, ըստ որի նախատեսվում էր խստացնել հարկումը, չորեքշաբթի հաղորդել է քենիական The Star թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Նախագահը հայտարարել է, որ հետ է կանչել հարկերի բարձրացման մասին վիճահարույց օրինագիծը և պատրաստ է երկխոսության ցուցարարների հետ:
Ըստ պարբերականի աղբյուրների՝ նախագիծը կվերադարձվի Քենիայի խորհրդարան՝ վերանայման։ Պատգամավորները կքննարկեն նաև Ռուտոյի առաջարկած փոփոխությունները:
Խորհրդարանը կարող է կա՛մ փոփոխություններ կատարել նախագծի նոր տարբերակում, կա՛մ ընդունել նախորդը՝ առանց փոփոխությունների։
Անցած մի քանի օրվա ընթացքում Քենիայում բողոքի ցույցեր են տեղի ունեցել: Դրանց պատճառը եղել է բնակչության դժգոհությունը՝ գոյություն ունեցող հարկերը բարձրացնելու և նորերը ներմուծելու իշխանությունների ծրագրերի պատճառով։ Դրա շնորհիվ իշխանությունները նախատեսում էին ստանալ լրացուցիչ 2,7 մլրդ դոլար, կրճատել բյուջեի դեֆիցիտը և պետական պարտքը։
Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում ցուցարարները ներխուժել էին խորհրդարանի շենք և այրել այն։ Ոստիկանությունը կրակ էր բացել, ինչի հետևանքով, ըստ Al Jazeera-ի տվյալների, 13 մարդ զոհվել է, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։