Չորեքշաբթի Եվրամիության մշտական ներկայացուցիչները համաձայնության են եկել Բելառուսի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի հարցում, հայտնել է ԵՄ Խորհրդում Բելգիայի նախագահությունը։
Reuters-ը, վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին, հայտնել է, որ Բելառուսի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները վերաբերում են երկակի նշանակության ապրանքներին, ինչպիսիք են չիպերը՝ կենցաղային էլեկտրոնիկայի արտադրության համար։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև ռազմական արտադրանքի ու բարձր տեխնոլոգիական ապրանքների դեմ։
Ըստ լրատվական գործակալության՝ պատժամիջոցների նոր փաթեթը նախատեսում է փակել այն բացերը, որոնցով Ռուսաստանը կարողանում է շրջանցել Ուկրաինայում պատերազմի պատճառով սահմանված եվրոպական պատժամիջոցները։
Reuters-ը հիշեցնում է, որ ԵՄ-ն Բելառուսի դեմ պատժամիջոցներ էր սահմանել դեռևս 2022 թ. փետրվարից առաջ։ Դրանք կապված էին 2020 թվականի նախագահի ընտրության կեղծման և քվեարկությունից հետո բռնկված բողոքի զանգվածային ցույցերի դաժան ճնշման հետ: